Մարդասպանի հերոսացումն արժանի է անվերապահ դատապարտման հատկապես ԵՄ-ի կողմից. Սերժ Սարգսյանը՝ Ֆիլիպ Լեֆորին

Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացումն արժանի է անվերապահ դատապարտման հատկապես ԵՄ մեր գործընկերների կողմից, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի իշխանությունների` մարդասպան Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման ուղղությամբ քայլերը միանշանակ և խստորեն դատապարտող հայտարարությունների համար: Նախագահը, միաժամանակ, անընդունելի և անհասկանալի է համարել որոշ իբր «հավասարակշիռ», իսկ էության մեջ՝ զարհուրելի այդ արարքին բոլորովին անհամարժեք արձագանքները:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո մեկնելու է Բաքու և ադրբեջանական իշխանությունների վերոհիշյալ քայլի կապակցությամբ ակնկալում է պարզաբանումներ ստանալ նրանցից:

Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ն դատապարտում է ԼՂ հակամարտության կողմերի միջև փոխվստահությունը վնասող նման քայլը և հակամարտության կարգավորման գործընթացում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը խոսել է նաև Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ու Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին աջակցության պատրաստակամության մասին: Նա նշել է, որ աջակցության նպատակով արդեն իսկ աշխատանքներ են սկսել միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ:

Մեկնաբանել