«Սարն ի վեր»` Արսինե Խանջյանի ու Ֆեթհիյե Չեթինի հետ

«Սիվիլիթաս» հիմնադրամի «Սարն ի վեր» խորհրդանշական անունը կրող հայ-թուրքական համատեղ ծրագրի շրջանակում աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հայ և թուրք նշանավոր մարդիկ հանդիպում են և խոսում Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական խնդիրների մասին, որոնց առերեսվել են կյանքի ընթացքում և սեփական փորձով ներկայացնում են առաջ շարժվելու իրենց տեսակետները: Ծրագրի հիմնական նպատակներից է ուշադրություն հրավիրել հայ-թուրքական հարաբերությունների մարդկային, անհատական կողմի վրա։

«Սարն ի վեր» առաջին հանդիպումը Բեռլինում էր, ապա Ստամբուլում և սեպտեմբերի 13-ին՝ Երևանում: Բանախոսներն էին թուրք իրավաբան և գրող Ֆեթհիյե Չեթինն ու դերասանուհի և հասարակական գործիչ Արսինե Խանջյանը:

Արսինե Խանջյանը ծնվել է Լիբանանում և ապրում է Կանադայում: Նա հայտնի է իբրև կինոյի և թատրոնի դերասանուհի: Սակայն արդեն 30 տարի է՝ հանդես է գալիս իբրև հասարակական գործիչ և իր ամուսնու՝ ճանաչված ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ միասին բարձրաձայնում է ազգային փոքրամասնությունների և Հայոց ցեղասպանության խնդիրների մասին։

Ֆեթհիյե Չեթինը իրավաբան է, հասարակական գործիչ և գրող: Նա եղել է Հրանտ Դինքի դատավարության փաստաբանը և քաղաքական բանտարկյալ: Չեթինը նաև «Մեծ մայրս» հուշագրական վեպի հեղինակն է: Այն իր տատիկի պատմությունն է, որը, փրկվելով ջարդից, մեծացել է թուրք ընտանիքում և իսլամ ընդունել: Նա երբևէ չի պատմել իր արմատների մասին և միայն մահից առաջ է որոշել իր գաղտնիքը բացել թոռնուհուն՝ Ֆեթհիյեին։ Գիրքը հեղափոխություն է կատարել հազարավոր թուրքերի գիտակցության մեջ և դրդել նրանցից շատերին սեփական տոհմածառերի ուսումնասիրությանը և հայկական արմատների բացահայտմանը։ Այսօր Ֆեթհիյե Չեթինը նրանց շարքում է, ովքեր պայքարում են պատմական իրողության ժխտման դեմ։ Բեռլինում, Ստամբուլում ու Երևանում նա պատմել է Սարը բարձրանալու իր պատմությունը։

Երևանում Արսինե Խանջյանը տանտիրոջ դերում էր և գրեթե չխոսեց Ցեղասպանության խնդիրներին առնչվող փորձառությունից՝ փոխարենը հարցադրումներով հնարավորություն տալով արտահայտվել զրուցակցին։

Չնայած Արսինեին Բեռլինում մի դրվագ էր հուզել. «Բեռլինի մեր հանդիպման ժամանակ թուրք քաղաքական գործիչներից մեկը փորձում էր Ֆեթհիյեին համոզել, որ Ցեղասպանության մասին փաստերը ճշգրիտ չեն: Սա իմ հանդիպած առաջին դեպքն էր, երբ թուրքը ոչ թե հային էր փորձում բացատրել և ճիշտ պատմություն սովորեցնել, այլ իր հայրենակցին»:

Մեկնաբանել