Ադրբեջանի հետ ընթանում է չերևացող-առևտրի գործընթաց. Ա.Մելիքյան

Ես չեմ ճանաչում մարդու, ով լուրջ հույս կապեր Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացքի հետ. «Արմնյուզ» հեռուստատեսության «Խոսք» հաղորդման շրջանակում նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Այս պահին թվացյալ դադարը բանակցային գործընթացում, ըստ նրա, միայն մակերեսային դիտարկում է: «Կարծում եմ, որ այսօր ընթանում է չերևացող մի գործընթաց` առևտրի գործընթաց Ռուսասատանի և Ադրբեջանի միջև, բայց կարծում եմ, որ դա անարդյունավետ է լինելու, և Ռուսաստանը պիտի հիմա նոր գործընկերներ փնտրի իր շահերը սպասարկելու համար»,- ասաց նա:

Մելիքյանի դիտարկմամբ` Հայաստանն այս բանակցային գործընթացում բավական կրավորական դիրքում էր, և համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին` ըստ էության, ռուսական նախաձեռնողականությանը տուրք էր տվել: «Իսկ ռուսական մոտեցումն այսօր «տարածքներ անկախությունը ճանաչելու դիմաց» բանաձևն է, ինչը մեզ համար բացարձակ ընդունելի չէ»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի` այս տեսանկյունից Ռուսաստանը ամբողջ հակամարտության կարգավորման բանակցությունների առանցքն է դարձնում տարածքների հանձնումը, ինչը կարելի է հասկանալ, քանի որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ շահեր ունի, սակայն նաև պետք է հաշվի առնել, որ այն չի կարող շատ առաջ գնալ, քանի որ կարող է կորցնել Հայաստանը:

Մելիքյանի դիտարկմամբ` ԼՂՀ ճանաչման գործընթացը ծավալուն և հետևողական աշխատանք է: «Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է սկսի գործընթաց, որի արդյունքում կճանաչվի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը լավագույն դեպքում միջազգային հանրության և Ադրբեջանի կողմից, վատագույն դեպքում` Հայաստանի և իր մի քանի դաշնակիցների կողմից: Նախնական, օրինակ, պետք է մենք հայտարարենք, որ իրավաչափ ենք համարում ԼՂՀ անկախության ճանաչումը, և ինքներս պատրաստ ենք դա անել: Հետո` պետք է հստակեցնենք ԼՂ սահմանները Հայաստանի հետ` այնպիսին, ինչպիսին ուներ ԽՍՀՄ կազմում»,- ասաց նա: Սա, ըստ Մելիքյանի, պետք է զուգորդվի Մինսկի խմբի շրջանակում առավել ակտիվ աշխատանքի հետ:

Պատերազմի վերսկսման վտանգը, ըստ նրա, 50/50 է. բոլոր դեպքերում դա տարածաշրջանային զարգացումների ընդհանուր տրամաբանության շրջանակում է: «Ինքնուրույն Ադրբեջանը պատերազմ վերսկսելու որոշում չի կայացնի և դա չի իրականացնի»,- նշեց քաղաքագետը:

Ադրբեջանին չզսպելու դիրքորոշումը, ըստ Մելիքյանի, բավական հիմնավոր է: «Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը տարածաշրջանում ոմանց պետք է: Ադրբեջանի ագրեսիվությունը երաշխիք է, որ Ռուսաստանի տիրապետող դիրքը տարածաշրջանում չի վերականգնվի, իսկ դա ոմանց համար արժեք ունի` նաև տնտեսական արժեք»,- ասաց նա: ԼՂՀ ճանաչման համար, Մելիքյանի հավաստմամբ, մենք չպետք է փնտրենք հատուկ ժամանակ:

«Եթե Հայաստանի իշխաությունները տարիներ շարունակ հետևողականորեն կողմնակից էին Մադրիդյան սկզբունքներին, իսկ հիմա իրավիճակը ցույց է տալիս, որ դրանք կիրառելի չեն, ուրեմն ուղղակիորեն Հայաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը: Ես առաջարկում եմ կատարել որոշակի գործողություններ, որոնք կստիպեն Ադրբեջանին հաշվի նստել»,- ասաց նա:

Մեկնաբանել