ՀՀ բնապահպանության նախարարությունը միացել է Let`s Do It էկոշարժմանը

ՀՀ բնապահպանության նախարարությունը միացել է Let’s Do It համաշխարհային շարժմանը, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ակցիայի հիմքում ընկած է 2008թ. Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ժամանակ ավելի քան 50 հազ. ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացել է մաքրել Էստոնիան 10 հազ. տ կենցաղային աղբից:

Միջոցառումն օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար: Հարյուրավոր հեղինակավոր կազմակերպություններ միացել են շարժմանը և միլիոնավոր կամավորների օգնությամբ մաքրում են իրենց երկիրն աղբից:

2012թ. Հայաստանի Հանրապետությունը նույնպես միացել է էկոլոգիական այս հզոր շարժմանը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով` մաքրման և աղբահանման աշխատանքներ իրականացվել են նաև Հայաստանի հատուկ պահպանվող բոլոր տարածքներում:
ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, Եղվարդի երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև Էստոնիայից ժամանած Let`s Do It շարժման ակտիվիստ Կիայի մասնակցությամբ, մաքրման և աղբահանման աշխատանքներ են իրականացվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի հարակից անտառային տարածքում: Բնապահպանների մասնակցությամբ շուրջ 100 տոպրակ կենցաղային աղբ է մաքրվել վերը նշված հատվածից:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, կարևորելով միջոցառումը, նշել է, որ յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա երկրի մաքրության պահպանության գործում` մեկ անգամ ևս կոչ անելով ազգաբնակչությանը մաքուր պահել շրջակա միջավայրը, պահպանել հայրենի բնությունը գալիք սերունդների համար: