Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով առաջինն է տարածաշրջանում. Հեռահաղորդակցության միջազգային միություն

2011թ. ցուցանիշներով Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկասում առաջինն է եղել: Այսպիսի հայտարարություն է արել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:

Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ Ազգային մրցունակության` վերջերս հրապարակված համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009թ. ցուցանիշները` չնայած այն հանգամանքին, որ 2011թ. արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ կայքում:

Համադուն Թուրեն նշել է, որ այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել` ընդգծելով, որ 2011թ. ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է եղել: 

Միաժամանակ` Համադուն Թուրեն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռադիոկապի բյուրոյում Հայաստանի դիմումային փաստաթղթերի հնարավորինս արագ ընդունմանը:

Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՄՄ-ն կօժանդակի նաև հաճախականությունների տիրույթի ռադիոմոնիթորինգի նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման հարցում:

Կողմերը քննարկել են Հայաստանում լայնաշերտ կապի համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր: