Կենսաթոշակների գործով մեղադրվում է 24 անձ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

2012 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ  մեղադրանք  է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կալանավորված անձանցից 5-ը սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ են, իսկ 2-ը՝ տվյալ ծառայության պաշտոնատար անձի բարեկամներ, որոնց միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել են խոշոր չափերի գումարներ:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանը, օժտված լինելով կենսաթոշակների և սոցիալական առանձին ծրագրերի շտեմարանները տարածքային բաժիններից ստանալու, գրանցելու, ձևավորված շտեմարանը վերահսկելու, տվյալների տրամադրումը կառավարելու լիազորություններով,  իր քրոջ ամուսնու՝ Ա.Խաչատրյանի, ինչպես նաև կնոջ քրոջ ամուսնու՝ Բ.Մուրադյանի հետ 2007-2008թթ. Խարդախությամբ պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 15 մլն դրամ կենսաթոշակի գումարներ: Մասնավորապես՝ բաժնի պետը  կենսաթոշակառուների շտեմարաններից ընտրել և առանձնացրել է  տևական ժամանակ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների և նրանց վճարման  ենթակա գումարների տվյալները, ապա նրանց անունից, իբրև տարածքից բացակայողների, ներկայացրել է կեղծ դիմումներ՝ կենսաթոշակի վճարումը վերսկսելու և կուտակված գումարները ստանալու վերաբերյալ, իսկ քրոջ ամուսինն ու կնոջ քրոջ ամուսինը, ներկայանալով որպես կենսաթոշակառուների վստահված անձինք, խաբեությամբ ստացել են այդ գումարները:

Մեկ այլ դրվագով բավարար ապացույցներ են ձեռք բերվել «Շենգավիթ -1» տարածքային բաժանմունքի պատասխանատուի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ վերջինիս հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և կեղծելով նրանց ստորագրությունները՝ ելքագրել են  կենսաթոշակների գումարներն ու յուրացրել: Նման մեխանիզմով չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանման վճարող տեսուչներ կողմից:

Նախաքննության ընթացքում 24 մեղադրյալների կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է Դ72.204.048 մլն, որից նախաքննության  փուլում վերականգնվել է Դ36.305.936 մլն:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ  ֆինանսների նախարարությունից ստացված  նյութերի հիման վրա  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ.  հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

18.09.12թ. դրությամբ քրեական գործից անջատվել  և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝  12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ: