Մարկիզ դը Սադի վեպն արգելվել է Հարավային Կորեայում

Հարավային Կորեայի իշխանություններն արգելել են Մարկիզ դը Սադի «Սոդոմի 120 օրը» վեպի վաճառքն իրենց երկրում:

Որոշումն ընդունել է հրատարակչական էթիկայի հանձնաժողովը: Արդեն վաճառքում եղած գրքի օրինակները պետք է հետ տարվեն և ոչնչացվեն: Հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ 18-րդ դարում գրված գրքում չափազանց հաճախ են հանդիպում անպարկեշտ և դաժան տեսարանները, որոնք նաև սադիզմի, ինցեստի, զոոֆիլիայի և նեկրոֆիլիայի դրվագներ են պարունակում: «Իսկ անչափահասների մասնակցությամբ սեքս նկարագրող մասերը պարզապես անդառնալի վնաս կարող են հասցնել»,-ասել է նա:

Գիրքը հանդգնել է հրատարակել Dongsuh Press ընկերությունը, որի ղեկավարությունը, հակաճառելով հանձնաժողովին, հայտարարել է, որ բռնության քարոզն ու պոռնոգրաֆիան գրքում բացակայում են: «Այն պարզապես ծաղրում է մարդ արարածի մութ կողմերը: Վերջապես այն վաճառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, նույնիսկ՝ Ճապոնիայում: Մենք չենք հասկանում, թե ինչու է գիտական ուսումնասիրության արժանի այս աշխատությունը հանկարծ նման խտրական վերաբերմունքի արժանանում»,-ասել է հրատարակչության ղեկավարներից մեկը:

Հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է, վեպի վաճառքը կշարունակվի մինչև դատավճռի կայացումը:

Դոնասյեն Ալֆոնս Ֆրանսուա դը Սադի գրքերը դժվար ճակատագիր են ունեցել: «Սոդոմի 120 օրը» վեպը նա գրել է 1785թ., Բաստիլիայի բանտում, որտեղ նրան փակել էին աղախինների հետ արգելված հաճույքներ վայելելու համար: Այլ հնարավորություն չունենալով՝ հնարամիտ դե Սադն իր վեպը գրել է զուգարանի թղթի վրա: Մարկիզն ազատվել է միայն Հեղափոխությունից հետո, իսկ գիրքը լույս է տեսել 1904-ին: Վեպը հրատարակել է ոմն Եվգենի Դյուրեն: Հոգեբուժության և սեքսապաթոլոգիայի մասնագետ գերմանացուն այն հետաքրքրել է գիտության տեսանկյունից:

Մեկնաբանել