Վիճակագրական խոտան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տնօրինության տակ եղած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները չեն համընկնում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակածներին։ Վարչապետի գրեթե բոլոր տվյալները մոտ 1-տոկոսային կետով ավելի փոքր են, քան դրանք ներկայացրել է ԱՎԾ-ն։

Երեկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ուշագրավ է, որ դրանք չեն համընկել Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներին։

Այսպես, ըստ վարչապետի, արդյունաբերությունը 2011թ. դրսևորել է բարձր աճի տեմպեր՝ նախորդող տարվա նկատմամբ արձանագրելով 13,5% աճ: Ընդ որում՝ վերջինս առաջ է անցել 2010թ. ձևավորված 9,2% աճի ցուցանիշից՝ ընդհանուր տնտեսական աճին նպաստելով 2,1-տոկոսային կետով:

Ըստ ԱՎԾ-ի՝ անցած տարի արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 14,1% աճ, 2010թ.՝ 9,7%։

Արդյունաբերության ենթաճյուղերում, ըստ վարչապետի, բարձր աճի միայն 8,5-տոկոսային կետը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը, այդ թվում՝ սննդամթերքի, խմիչքների, մետաղների արտադրությունում գրանցված բարձր աճի շնորհիվ: 22,5% աճ է արձանագրել հանքագործական արդյունաբերությունը՝ ընդհանուր արդյունաբերության աճին նպաստելով 3,8-տոկոսային կետով:

«Արդյունքում 2011թ. վերջին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում կազմել է 16,2%, մինչճգնաժամային տարվա՝ 2008թ. 13,3%-ի դիմաց: Այս ցուցանիշն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա՝ հօգուտ ավելի արտադրողական ճյուղերի»,– ասել է վարչապետը:

Ըստ ԱՎԾ-ի՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղում անցած տարի աճը կազմել է 12,2%։

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ գյուղատնտեսությունում 2010թ. աննախադեպ անկումից հետո 2011թ. արձանագրվել է 13,7% աճ, և տնտեսական աճին գյուղատնտեսությունը նպաստել է 2,3-տոկոսային կետով: Գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչճգնաժամային տարվա՝ 2008թ. 16%-ից 2011թ. վերջին հասել է 20,3%-ի:

Ըստ ԱՎԾ-ի՝ գյուղատնտեսության ոլորտում աճն անցած տարի եղել է ավելի մեծ՝ 14,1%։

Վարչապետի խոսքով՝ ծառայությունների ճյուղում արձանագրվել է նախորդ տարվա համեմատ բարձր՝ 5% աճի ցուցանիշ՝ 2010թ. 4,1% աճի փոխարեն: «Կարելի է նշել, որ վերջինս շարունակել է հանդիսանալ տնտեսության աշխուժացման շարժիչ ուժերից մեկը՝ 4,7% ՀՆԱ-ի աճին նպաստելով 2-տոկոսային կետով»,– ասել է վարչապետը:

Ըստ ԱՎԾ-ի՝ ծառայության ոլորտում անցած տարի արձանագրվել է 6,1% աճ։

Ի դեպ՝ «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունում օգտագործված են ԱՎԾ-ի կողմից հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշները։

Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը պատգամավորներին մի կողմից հավաստիացրել է, թե 2011թ. արդյունքները հնարավորություն են տալիս արձանագրել, որ հաջողվել է մտնել վերականգնման փուլ, մյուս կողմից՝ ներկայացրել աճի ավելի փոքր տվյալներ:

Մեկնաբանել