Մալին իր տարածքում կտեղակայի ԷԿՕՎԱՍ-ի 3 հազ․ զինվոր

Մալիի կառավարությունը համաձայնել է ընդունել «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության» (ԷԿՕՎԱՍ) հարևան պետությունների ռազմական օգնությունը՝ երկրի հյուսիսում իսլամիստների ջոկատների դեմ պայքարի արդյունավետությունը մեծացնելու համար, հաղորդում է AP-ն։

Համաձայն Մալիի կառավարության ծրագրերի՝ երկրի տարածքում տեղակայվելու է ԷԿՕՎԱՍ բլոկի երկրների մոտ 3 հազ․ զինվոր։ Նրանց մեծ մասը գտնվելու է ռազմաբազայում՝ մայրաքաղաք Բամակոյի մոտ, որտեղ տեղակայվելու է նաև շարժման կենտրոնակայանը։ ԷԿՕՎԱՍ-ի՝ դեռ այս տարվա հունիսին արած ռազմական օգնության ցուցաբերման առաջարկը Մալիի իշխանությունները նոր են ընդունել։

Մալին նաև ակնկալում է ՄԱԿ-ի խաղապահ ուժերի օգնությունը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 22-ին Մալիում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Ռազմական խունտայի առաջնորդ Ամադու Սանոգոն հայտարարեց, որ խռովարարների նպատակը երկրի ամբողջականության պահպանումն է Մալիի հյուսիսում անկախ պետության ստեղծման ջատագով տուարեգների և իսլամիստների անջատողական ուժերի դեմ պայքարում։

Ներկայում «Հանուն Հյուսիսարևմտյան Աֆրիկայում միասնության և ջիհադի շարժման» ու «Անսար ադ Դին» խմբավորման (որոնք «Ալ Կաիդայի» դաշնակիցն են) իսլամիստների վերահսկողության տակ են Մալիի հյուսիսի երեք կարևոր քաղաքները՝ Տիմբուկտուն, Գաոն և Կիդալը։