«Գազպրոմը» վերակառուցում է եվրոպական ակտիվները

Ռուսական «Գազպրոմը» մտադիր է վերակառուցել Եվրոպայում գործող առևտրային և լոգիստիկ դուստր ընկերությունների բիզնեսը։ «Գազպրոմի» վարչությունն արդեն հաստատել է որոշումը։ «Ինչպիսի տեսք կունենա վերակառուցումը՝ հետո կորոշենք»,- հայտարարել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

Ըստ Մեդվեդևի՝ փոփոխությունները պայմանավորված չեն Եվրահանձնաժողովի նախաձեռնած հակամրցակցային հետաքննությամբ։ «Գազպրոմը» խնդիրն այս համատեքստում չի դիտարկում։ Մենք իրոք ցանկանում ենք օպտիմալացնել մեր բիզնեսը: Յուրաքանչյուր ընկերություն օպտիմալացնում է գործունեությունը։ Մեր խնդիրն արդյունավետ վաճառքների կազմակերպումն է»,- ասել է Մեդվեդևը:

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի հետաքննությանը՝ Մեդվեդեևը նշել է, որ տպավորություն է ստեղծվում, թե ԵՄ-ն անդրկուլիսյան խաղերի միջոցով փորձում է զեղչեր կորզել ընկերությունից։ Նրա կարծիքով՝ եթե ԵՄ-ն գազի գները կարգավորելու մտադրություն ունի, ապա պետք է այդ մասին բաց հայտարարի: «Մեր տպավորությունն այն է, որ Եվրահանձնաժողովը ձգտում է ԵՄ-ն բնական գազի վաճառքի շուկայում ներդրումների համար նվազ գրավիչ դարձնել»,- ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը ռուսական «Գազպրոմի» դեմ հակամենաշնորհային հետաքննություն է սկսել սետեմբերի սկզբներին։ Եվրահանձնաժողովում կարծում են, որ «Գազպրոմը» չարաշահել է գերիշխող դիրքը Արևելյան և Կենտրոնական Եվրոպա գազի մատակարարման շուկայում՝ խոչընդոտելով Եվրոպա գազի ազատ մատակարարումներին։ Բացի այդ՝ ընկերությունը վերջնական սպառողներին գազի բարձր գներ է պարտադրել՝ դրանք անհիմն կերպով փոխկապակցելով նավթի գներին։

Եվրոպական օրենսդրության համաձայն՝ մրցակցության նորմերի խախտման դեպքում ընկերությունը կարող է տուգանվել տարեկան հասույթի 10%-ի չափով։ «Գազպրոմի» պարագայում գումարը կարող է գերազանցել €10 մլրդ-ը։