Ճգնաժամը կտրուկ նվազեցրել է սուրճի սպառումը Իսպանիայում և Իտալիայում

Իտալիայում և Իսպանիայում սուրճի սպառումը բնակչության մեկ շնչի հաշվով նվազել է մինչև 5-6 տարվա վաղեմության մակարդակի՝ հիմնականում պայմանավորված եվրոգոտում շարունակվող պարտքային ճգնաժամով։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ «Արաբիկա» բարձրորակ սուրճի ֆունտի (մոտ 0,45 կգ) արժեքը նվազել է 43%-ով՝ համեմատ 34-ամյա մաքսիմումի, որը սահմանվել է անցյալ տարի։ Եթե 2011թ․ ապրիլին «Արաբիկայի» ֆունտն արժեր ավելի քան $3, ապա այժմ $1,75 է։

Միաժամանակ սուրճի սպառումը Գերմանիայում և Ֆրանսիայում, որոնք սուրճի ներկրմամբ Եվրոպայում զբաղեցնում են առաջին և երրորդ տեղերը, ընդհակառակը, ավելացել է։

Եվրոգոտին 2010թ․ վերջից ֆինանսական սուր ճգնաժամ է ապրում՝ կապված մի շարք պետությունների պարտքային դժվարությունների հետ։ Դեֆոլտի շեմին են հայտնվել Հունաստանը, Իռլանդիան և Պորտուգալիան, սակայն պետպարքի բարձր մակարդակի դեմ պայքարի համար նրանք ստացել են ԵՄ ղեկավարության օգնությունը։ Իսպանիայում և Իտալիայում այժմ տնտեսական բարդ իրադրություն է ձևավորվել։ Այս երկու երկրները ռեցեսիայում են, որը Իսպանիայում խորանում է գործազրկության չափազանց բարձր մակարդակով։