Գյումրիում տեղի է ունեցել թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքը

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

Հիմնարկեքի արարողությունը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013թ. ամռանը: Դպրոցն ավերվել է 1988թ. երկրաշարժի ժամանակ և առ այսօր գործում է տնակային պայմաններում:

Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել են ՀՕՖ-ը, Do Something կազմակերպությունը (որի ղեկավարը «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի նախաձեռնող Ջոն Դին է) ու «Մեդիամաքս» գործակալությունը: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, ծրագրին իր մասնակցությունն է ունեցել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ` այդ նպատակի համար հավաքվել է մոտ $450 հազ.:

Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին` նրանց հետևողական ջանքերի համար: Նա նաև բարձր է գնահատել դպրոցի մանկավարժների աշխատանքը, որոնք, չնայած տարրական պայմանների բացակայությանը, նվիրվածությամբ շարունակում են իրենց աշխատանքն ու տաղանդավոր սաներ պատրաստում: Նա վստահություն է հայտնել, որ նոր դպրոցի կառուցումը խթան կլինի` նոր հաջողություններ արձանագրելու, Գյումրիում երաժշտական ավանդույթները շարունակելու համար: