Հակառակորդի կրակոցից Տեղում զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը Տեղի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է մեկ զինծառայող։

«Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։

2023-ի մարտ-ապրիլին Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության ընթացքում ադրբեջանցիները առաջ էին եկել Տեղի հատվածում։ Մասնավորապես, Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր Կոռնիձոր-Տեղ ճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Մինչ այդ սահմանի նշված հատվածի պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։

«Սահմանի պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ 12 կմ-ից 7-ում տեղակայման կետերը հստակեցվել են»,- Կառավարության ապրիլի 6-ի նիստի մեկնարկին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1,4 կիլոմետրով։

Ապրիլի 11-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել էր չորս զոհ և վեց վիրավոր։

Մեկնաբանել