Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 11-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Միացյալ Նահանգներ այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ, հայտնում է ԱԽ գրասենյակից։

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը: Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։

Մեկնաբանել