ԼՂ-ն ու անկլավները պետք է փաստաթղթով ճանաչվեն Ադրբեջանի մաս, նշում է Ալիևը

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքերով արտահայտած սկզբունքները թղթին պետք է փոխանցվի, այդ մասին հուլիսի 11-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե նախորդ տարի [Հայաստանը] ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ապա ընթացիկ տարում պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ այդ թվում Ղարաբաղն ու անկլավային գյուղերը»,- հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով 2023-ի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական արդյունքներն ամփոփոխ խորհրդաժողովին:

Ադրբեջանի նախագահը խաղաղության պայմանագրի կնքումը միջազգային իրավունքի համատեքստում է դիտարկել և ակնկալել, որ հայկական կողմն էլ պատասխանի փոխադարձաբար․ «Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ Ադրբեջանից է կախված, դիմացի կողմն էլ պետք է դրան պատրաստ լինի և խոսքերով արտահայտած սկզբունքները թղթին փոխանցի»,- ասել է նա։

«Վերջին բանակցությունների և մի քանի օր հետո սպասվող բարձր մակարդակի շփումների նպատակը մեկն է, որպեսզի մենք խաղաղության համաձայնագրին ավելի մոտենանք»,- հայտարարել է Ալիևը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հերթական հանդիպումը սպասվում է հուլիսի 21-ին Բրյուսելում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին կառավարության նիստում հայտարարել է, որ խաղաղության փաստաթղթի տեքստը դեռևս պատրաստ չէ:

Նախորդ անգամ հայկական և ադրբեջանական պատվիրակությունները բանակցել են հունիսի 27-29-ին Միացյալ Նահանգներում՝ արտգործնախարարների մակարդակով:

Մեկնաբանել