Ծաղրանկարների պատերազմը շարունակվում է

Եգիպտական «Ալ Վաթան» թերթն սկսել է քարոզարշավ այն ծաղրանկարների դեմ, որոնք մուսուլմանների կարծիքով վիրավորական են: Թերթը 12-էջանոց հատուկ համարում հրապարակել է 13 ծաղրանկար, որոնք լույս են տեսել «Ծաղրանկարների մենամարտը ծաղրանկարների հետ» խորագրով:

Դրանցից մեկում, օրինակ, պատկերված է ակնոց, որում արտացոլվում են 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների թիրախ դարձած նյույորքյան երկնաքերները: Նկարն ուղեկցվում է «Արևմուտքի հայացքը իսլամական աշխարհին» մակագրությամբ: Մեկ այլ ծաղրանկարում արևմտյան արտաքինով մարդը մորուքավոր տղամարդուն մեղադրում է ահաբեկչության մեջ, սակայն հասկանալով, որ հակառակորդն իսրայելցի է, ծաղիկ է նվիրում նրան:

Բացի ծաղրանկարներից՝ հավելվածում տպագրված է նաև իսլամի ծայրահեղականացման դեմ հանդես եկող եգիպտացի քաղաքագետների և հոգևորականների մի քանի հոդված: Հոդվածներից մեկը Եգիպտոսի գլխավոր մուֆթի Ալի Գոմաայի ստորագրությամբ է: Եգիպտացի ընթերցողները դրական են գնահատել այս նախաձեռնությունը՝ թերթի խմբագրությանն իրենց երախտիքը հայտնելով «քաղաքակիրթ արձագանքի» համար:

«Ալ Վաթանը» համարվում է Եգիպտոսի նոր նախագահ Մուհամադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» քաղաքական շարժման ընդդիմադիր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագիրը հրապարակել էր Մուհամադ մարգարեի ծաղրանկարները:

Ավելի վաղ ԱՄՆ-ում նկարահանվել էր «Մուսուլմանների անմեղություն» սիրողական ֆիլմը, որը հավատացյալ մուսուլմանների կարծիքով վիրավորական է: Այս ամենից հետո բողոքի ցույցեր են անցկացվել Եգիպտոսում, Լիբիայում, Սուդանում, Եմենում, Հնդկաստանում, Թունիսում և այլ երկրներում: