Շառլ Միշելը կարևորեց «Աղդամից հումանիտար մատակարարումները»․ բրյուսելյան հանդիպման արդյունքները

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ:

Շառլ Միշելի հայտարարությունը

Հանդիպման արդյունքներով հայտարարությամբ է հանդես եկել Շառլ Միշելը։

«Քիչ առաջ ավարտեցինք վեցերորդ հանդիպումը նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Մտքերի մեր փոխանակումը կրկին անկեղծ էր, ազնիվ և բովանդակալից:

Մեր հանդիպումը վերջինն էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների և արտգործնախարարների մասնակցությամբ բարձր մակարդակի ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների շարքում՝ Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և սահմանին:

Մենք թևակոխել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենահամապարփակ և եռանդուն փուլերից մեկը։

Ես շնորհակալություն հայտնեցի առաջնորդներին խաղաղ գործընթացին իրենց հաստատակամ նվիրվածության համար և կոչ արեցի նրանց համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթաց ապահովելու համար:

Ու թեև մեր հանդիպումն ընթանում էր գետնի վրա լարվածության մտահոգիչ աճի համատեքստում, ես կարևոր խթան արձանագրեցի մեր քաղաքական քննարկումներում և ջանքերում։

Քննարկեցինք օրակարգային բոլոր հարցերը:

Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատեցին իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Սրանից ելնելով ՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քկմ, իսկ Ադրբեջանի տարածքը ՝ 86 600 քկմ։

Սահմանի դելիմիտացիա
Երկու առաջնորդներն էլ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական հիմք:

Ես ողջունեցի սահմանային երկու հանձնաժողովների հուլիսի 12-ին հանդիպումը։ Հանձնաժողովների կանոնադրությունների և դելիմիտացիայի հիմքերին վերաբերող քննարկումներում առաջընթաց կա։ Եվ շատ կարևոր է, որ առաջնորդները պայմանավորվեցին ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։

Հաղորդակցություն
Ինչ վերաբերում է հաղորդակցությանը, ապա վերջին երկու ամիսների ընթացքում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում: Մենք քննարկեցինք ապագա տրանսպորտային համաձայնագրերի պարամետրերը, որոնք հիմնված են լինելու ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։

Երկաթուղիների շինարարությունը պետք է անհապաղ սկսվի։ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել։ Որոշ մանրամասներ դեռ հստակեցման կարիք ունեն, բայց այս թեմայի վերաբերյալ դիրքորոշումներն այժմ ավելի են մերձենում, և ակտիվորեն ուսումնասիրվում են հնարավոր տարբերակները:

Մարդասիրական բեռներ
Մենք քննարկեցինք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից։ Մենք քննարկեցինք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։

Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև արձանագրեցի Ադրբեջանի՝ Աղդամի տարածքով հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ երկու կողմերից մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի բժշկական տարհանման վերականգնումը։

Իրավունքներ և անվտանգություն
Տեղի բնակչությունը իր իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցերում երաշխիքների կարիք ունի։ Այս համատեքստում ես իմ աջակցությունը հայտնեցի Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է բոլոր ներգրավված կողմերի համար ապահովի անհրաժեշտ վստահության մթնոլորտը։

Պահվող անձինք
Մենք հավասարապես քննարկեցինք պահվող անձանց վերաբերող խնդիրները։

Առաջնորդները վերահաստատեցին հանձնառությունը ջենթլմենական համաձայնությանն առ այն, որ զինվորների ազատ արձակումը, որոնք ակամայից հայտնվել են հակառակ կողմում, կհեշտացվի: Ես հանդես եկա երկու կողմերում պահվող անձանց ազատ արձակելու օգտին։ Քննարկվեց նաև անհայտ կորածների ճակատագրի լուծման և ականազերծման գործում համագործակցության ընդլայնման ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կոչ արեցի կողմերին հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել:

Հետագա աշխատանք
Մենք պայմանավորվեցինք, որ մեր թիմերը սերտ կապ կպահեն՝ առաջիկայում կոնկրետ գործողություններ իրականացնելու այն ամենի ուղղությամբ, ինչ այսօր քննարկվել է:

Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում: Առաջնահերթ կերպով պետք է դադարեցնել բռնությունն ու թշնամական հռետորաբանությունը, որպեսզի խաղաղության բանակցությունների և իրավիճակի կարգավորման համար պատշաճ պայմաններ ապահովվեն:

Ես նաև վերահաստատեցի, որ մտադիր եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամառվանից հետո հրավիրել ևս մեկ անգամ Բրյուսել, ինչպես նաև անցկացնել հերթական հնգակողմ հանդիպումը՝ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ Գրանադայում ՝ եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում:

Մեկնաբանել