Բաքուն առաջ է մղում իր օրակարգը՝ Հայաստանի լեգիտիմացնող մասնակցությամբ

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հանդիպման ավարտից հետո Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։ Համապատասխան հաղորդագրություններ են տարածել նաև հայկական ու ադրբեջանական կողմերը։

Ինչպես միշտ, Շառլ Միշելի հայտարարության հիման վրա կարելի է մի քանի կարևոր եզրահանգումներ անել տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ։

Առաջին նմանատիպ եզրահանգումը այն է, որ գոյություն ունեցող առանցքային տարաձայնություններից որևէ մեկի շուրջ, ինչպես և կանխատեսվում էր, այդպես էլ չի հաջողվել մերձեցնել կողմերի դիրքորոշումները։ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային մեխանիզմի ստեղծման հարցում եթե որևէ առաջընթաց լիներ, այդ մասին հայտարարության տեքստի մեջ հիշատակված կլիներ։ Հայտարարության տեքստում անուղղակիորեն նշված է նաև, որ կողմերը համաձայնության չեն հասել քարտեզի (կամ քարտեզների) վերաբերյալ, որը պետք է լինի դելիմիտացիայի գործընթացի հիմքում։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պարբերության մեջ նշված է, որ ապագա տրանսպորտային համաձայնագրերի պարամետրերը հիմնված են լինելու ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այստեղ ևս որևէ նորություն չկա։ Այս պայմանավորվածությունները ձեռք էին բերվել ու արձանագրվել նախորդ ամիսների ընթացքում։

Գերիների վերադարձի հարցում նույնպես որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Եթե նախորդ եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ խոսվում էր նրա մասին, որ մոտակա շաբաթների ընթացքում ակնկալվում էր պահվող անձանց ազատ արձակում (ինչը այդպես էլ տեղի չունեցավ), ապա այս հայտարարության մեջ այդ մասին խոսք չկա։ Փոխարենը նշվում է․ «Առաջնորդները վերահաստատեցին հանձնառությունը ջենթլմենական համաձայնությանն առ այն, որ զինվորների ազատ արձակումը, որոնք ակամայից հայտնվել են հակառակ կողմում, կհեշտացվի»։

Սա, մեծ հաշվով, այն էր, ինչին փորձում էր հասնել Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքից երկու հայ զինծառայողի առևանգելով։ Եթե սույն «ջենթլմենական պայմանավորվությունը» կյանքի կոչվի, հայ առևանգված զինծառայողները փոխանակվելու են Հայաստանի տարածք ներխուժած ու հանցագործություններ կատարած ադրբեջանցի դիվերսանտների հետ, իսկ տասնյակ այլ հայ գերիներ շարունակելու են պահվել Բաքվում։

Երկրորդ կարևոր եզրահանգումը, որը կարելի է անել Շառլ Միշելի հայտարարությունից, այն է, որ Ադրբեջանը շարունակում է օրակարգ թելադրել բանակցություններում՝ պարտադրելով ինչպես սեփական բառապաշարը, այնպես էլ պատկերացումները բոլոր առանցքային հարցերում։

Այսպես, Միշելը, արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, հերթական անգամ խուսափել է «Լեռնային Ղարաբաղ» տեղանունը օգտագործելուց։ Ավելին, եթե նախորդ հայտարարության մեջ խոսվում էր նրա մասին, որ Ադրբեջանը միջազգային հանրության հետ սերտ համագործակցութամբ Արցախի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցում պետք է դրական օրակարգ ձևավորի, ապա վերջին հայտարարության մեջ որևէ խոսք չկա այս գործընթացում միջազգային դերակատարության մասին։

Նույն միտումն է նկատվում նաև Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմի ստեղծման հարցում։ Նախորդ հայտարարության մեջ նշվում էր «թափանցիկ ու կառուցողական երկխոսության» անհրաժեշտության մասին։ Այս անգամ խոսվում է միայն ուղիղ երկխոսության մասին, ինչը ևս ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի պատկերացումներին։

Սակայն Միշելի հայտարարության ամենախնդրահարույց հատվածը Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը նվիրված պարբերությունն է։ Հայտարարության այս կետում, մասնավորապես, նշվում է․ «Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև արձանագրեցի Ադրբեջանի՝ Աղդամի տարածքով հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ երկու կողմերից մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար»։

Աղդամից դեպի Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական» մատակարումներ իրականացնելու հարցը Լաչինի միջանցքի բացման հարցի հետ նույն հարթության մեջ դնելով և դա կարևոր համարելով՝ Միշելը փաստացիորեն լեգիտիմացրել է Ադրբեջանի շանտաժը և նոր հնարավորություն է ստեղծել Բաքվի համար Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում զիջումների չգնալու համար։

Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակներից մեկը հենց Ադրբեջանի տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ տարբեր հաղորդակցությունների ու ենթակառուցվածքների վերականգնումն է, որը ավելի մեծ՝ ինտեգրացիայի օրակարգի մաս է։ Բնական է նաև, որ Բաքուն բրյուսելյան բանակցություններին պետք է գար այդ օրակարգով։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ ևս հրապարակայնորեն ներկայացրել էր այդ պահանջը։ Սակայն Շառլ Միշելի կողմից ադրբեջանական այդ օրակարգի ներառումը հայտարարության տեքստի մեջ պարզապես անընդունելի ու վտանգավոր որոշում է, որը կարող է հարցականի տակ դնել այս թեմայով միջազգային մի շարք կառույցների հայտարարություններն ու որոշումները։

Այդ առումով լուրջ հարցեր են առաջանում նաև Հայաստանի իշխանությունների նկատմամբ, քանի որ, ամենայն հավանականությամբ, Շառլ Միշելի հայտարարությունները նախօրոք համաձայնեցվում են կողմերի միջև։ Այդ պարագայում անհասկանալի է, թե ինչով էր զբաղված Հայաստանի վարչապետը այս բանակցությունների ընթացքում։

Երևանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման օրակարգում մինչ այսօր եղել է այն, որ այս հարցով ամեն ինչ արդեն բանակցված է, և Ադրբեջանն ու Ռուսաստանը պարզապես պետք է կատարեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնված պարտավորությունները։ Հայաստանը փաստացիորեն հրաժարվում էր այս խնդրի շուրջ բանակցությունների մասնակցել։ Այժմ ստացվում է, որ Փաշինյանը, մասնակցելով այս հարցի վերաբերյալ բանակցություններին, ոչ միայն շեղվել է իր իսկ կառավարության որդեգրած գծից, այլև չի կարողացել (կամ չի ցանկացել) կանխել ադրբեջանական վտանգավոր օրակագի ներառումը Միշելի հայտարարության մեջ։

Իրականում նույն խնդիրը առկա է նաև հայտարարության այլ կետերի պարագայում։ Տեքստը հիմնականում արտացոլում է տարբեր գործընթացների վերաբերյալ Բաքվի պատկերացումները։ Ըստ այդմ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կենսական շահերը պարզապես պատշաճ կերպով չեն ներկայացվում այս և այլ ձևաչափերով տեղի ունեցող բանակցությունների ընթացքում։ Նույնիսկ այն պայմաններում, երբ Ադրբեջանը արդեն իսկ խախտել է բոլոր հնարավոր կարմիր գծերը գետնի վրա և տեսականորեն պետք է մեծ ճնշման ենթարկվի միջնորդների կողմից, Բաքուն կարողանում է հետևողականորեն առաջ մղել իր օրակարգերն ու խոսույթները՝ Հայաստանի պասիվ ու լեգիտիմացնող մասնակցությամբ։

Մեկնաբանել