Fitch Ratings-ն ակնկալում է հայկական դրամի չափավոր արժեզրկում

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը ակնկալում է հայկական դրամի չափավոր արժեզրկում: Նման կանխատեսում են կատարել գործակալության փորձագետները Հայաստանի վերաբերյալ զեկույցում, համաձայն որի՝ վերանայվել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ կայուն հեռանկարով:

Որպես դրամի արժևորման հիմնական գործոններ Fitch Ratings-ի զեկույցում նշվում են Ռուսաստանից դրամական փոխանցումների և միգրանտների հոսքի կտրուկ աճը: Դրանք 2022-ի կեսերից նպաստել են դրամի կայուն ամրապնդմանը․ «Ուժեղ դրամը և ապրանքների համաշխարհային գների թուլացումը հանգեցրին նրան, որ գնաճը հունիսին (-0,5% տարեկան) մտավ բացասական գոտի՝ հունվար-փետրվար ամիսների 8,1% գագաթնակետից»,- ասված է զեկույցում:

Չնայած աշխատավարձերի նկատելի աճին (տարեկան 18% 2023-ի մայիսի դրությամբ)` տարեկան կտրվածքով նվազում է նաև բազային գնաճը` 2023-ի առաջին կիսամյակում գրանցված 8%-ից հունիսին հասնելով 1,5%-ի: Սա նվազեցնում է տնտեսության գերտաքացման ռիսկերը: Նկատի ունենալով վերոնշյալը` Fitch Ratings-ը դրամի չափավոր արժեզրկում է ակնկալում 2023-2024-ին, սակայն ավելի բարձր մակարդակի, քան «եղել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ»։

2022-ի մարտից մինչ օրս` պայմանավորված Ռուսաստանից միգրանտների հոսքի և դրամական փոխանցումների ծավալի կտրուկ աճով, հայկական դրամը դոլարի և եվրոյի նկատմամբ շուրջ 20-25% արժևորվել է` խնդիրներ հարուցելով տնտեսության արտահանելի ճյուղերի համար: Մատակարարման արտաքին շղթաների խաթարումը և ներքին պահանջարկի կտրուկ աճը հանգեցրին բարձր գնաճի, որը զսպելու և լողացող փոխարժեքի քաղաքականությունից չհրաժարվելու նպատակով Կենտրոնական բանկը մերժում էր հիմնականում գործարար շրջանակներից հնչող դրամի թուլացման քաղաքականություն որդեգրելու կոչերը:

Միևնույն ժամանակ տնտեսագետները կարծում են, որ ինչ-որ պահից Կենտրոնական բանկը, հաշվի առնելով գնաճի կտրուկ նվազումը, կամաց-կամաց անցնելու է դրամի թուլացման գործիքակազմի կիրառման: Նման միտում արդեն իսկ նկատվում է․ հունիսին ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0,25 տոկոսային կետով` սահմանելով 10,5%:

Վերջին 2,5 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ԿԲ-ն թեկուզ աննշան, սակայն գնաց տոկոսադրույքի նվազման, որը ժամանակային առումով համընկավ տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղման հետ: Տնտեսական ակտիվության տեմպը հունիսին զգալիորեն դանդաղել է` կազմելով 6,8%՝ նախորդ ամսվա 13,6%-ի համեմատ: Սովորաբար, երբ տնտեսական աճի դանդաղումը լինում է ոչ թե դրվագային, այլ վերածվում է հստակ միտումի, ԿԲ-ն անցնում է հակացիկլիկ վարքագծի` էժանացնում դրամը` երկրում դրական տնտեսական աճի ապահովման նպատակով:

Մեկնաբանել