KPMG-ն վարկանշել է բեռը

Պարզվում է՝ հարկային բեռն ամենածանրն է ֆրանսիական ընկերությունների համար։ Բրիտանական KPMG աուդիտորական ընկերությունը կազմել է ընկերությունների հարկային բեռի վարկանիշը՝ ըստ պետությունների։ Ցանկում ընդգրկվել է 14 երկիր։
Ըստ KPMG-ի փորձագետների՝ ֆրանսիական ընկերությունների համար Հարկային համախառն ինդեքսը (TTI) 179,7 կետ է: Ամերիկյան ընկերությունների դեպքում նույն ցուցանիշը 100 կետ է:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Իտալիան է (152,9 կետ), երրորդում՝ Ճապոնիան (152,3): Բրազիլիան 4-րդ հորիզոնականում է (142,6), նրան հաջորդում է Ավստրալիան (125,1), այնուհետև՝ Գերմանիան (122,0): Մեծ Բրիտանիան վարկանիշի իններորդ հորիզոնականում է (73,3), Ռուսաստանը՝ տասներորդ (71,7): Վարկանիշը եզրափակում է Հնդկաստանը (49,7):

Ըստ KPMG-ի մասնագետների՝ հարկային քաղաքականության հարցում իշխանությունները միասնական մոտեցում չունեն, իսկ հարկային ծանրաբեռնվածությունը կտրուկ տարբերվում է երկրից երկիր, պայմանավորված է արդյունաբերության ոլորտներից, վճարման սխեմաներից:

KPMG-ն գնահատել է 14 երկրում 113 քաղաքների մրցունակությունը՝ հիմք ընդունելով քաղաքների ազդեցությունը հարկային բեռի վրա, ներառյալ՝ եկամտահարկը, գույքահարկը, վաճառքների հարկերը, սոցվճարները:

Բիզնես վարելու համար հարկերն ամենաբարձրն են Փարիզում (187,1 կետ), ապա Մարսելում՝ (172,3): Ամենացածր հարկերը Հնդկաստանի Մադրաս քաղաքում են (46,4):

Ինչ վերաբերում է շահութահարկին, ամենաբարձր ցուցանիշներից մեկը ԱՄՆ-ում է՝ 35%: Հնդկաստանում ընկերությունները վճարում են 33-36% շահութահարկ: Հնդկաստանում աշխատանքի արդյունավետ հարկադրման մակարդակը 1,6% է, կապիտալի արդյունավետ հարկադրումը՝ 5,2%։ ԱՄՆ-ում ցուցանիշները համապասխանաբար 23,4% և 27,3% են։

Մեկնաբանել