Դատախազը խորհրդարան է մտել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով պատգամավոր Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու համաձայնություն տալու մասին: Այս լուրը ՍիվիլՆեթին հաստատեց գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ դա, «բնականաբար ենթադրում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Վարդան Օսկանյանին, քանի որ գործող օրենսդրությամբ՝ պատգամավորը չի կարող գործում ներգրավվել որպես մեղադրյալ՝ առանց խորհրդարանի հավանության»: Տռուզյանը հավելեց, որ այս միջնորդագիրը չի ենթադրում Վարդան Օսկանյանին կալանքի տակ վերցնելու սանկցիա ստանալ:

Նշենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Մեկնաբանել