Գաբալայի վարձակալման պայմանագիրը կերկարացվի 3 տարով. «Ռիա Նովոստի»

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կերկարացվի ամենաշատը երեք տարով, և պայմանաագրի ֆինանսական պայմանները անփոփոխ կմնան, հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրները:

Ավելի վաղ ռուսական պաշտպանական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիասթափված է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմամբ: Այս տարի գարնանը մի շարք զնագվածային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ Բաքուն պայմանագրի երկարացման համար որպես պայման է առաջ քաշում վարձակալման վճարը $7 մլն-ից ավելացնել մինչև $300 մլն:

«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ՝ ներկայում բանակցությունները պայմանագրի՝ առավելագույնը 2-3 տարով երկարացնելու շուրջ են ընթանում՝ առկա բոլոր չափորոշիչների, այդ թվում՝ ֆինանսականի պահպանման պայմանով:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը դեռևս Խորհդային միության հակահրթիռային պաշտպանության կարևոր բաղադրիչներից է, և Ադրբեջանի անկախանալուց հետո Ռուսաստանը շարունակել է օգտագործել այն: Վարձակալման մասին պայմանագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2002թ., և նրա գործողության ժամկետը ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 24-ին: Մոսկվան մտադիր էր բանակցությունները ավարտել մինչ 2012թ. հունիս, քանի որ նոր պայմանագիրը պետք է ստորագրվի նախկինի ժամկետի ավարտից ոչ ուշ քան 6 ամիս առաջ: Սակայն փաստաթուղթը մինչ այժմ չի ստորագրվել:

Մեկնաբանել