Վրաստանի նախագահը, հակառակ կառավարությանը, եվրոպական այցերի շարք է սկսել

Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցում է Վրաստանի եվրաինտեգրմանն աջակցող ցույցի, հունիսի 16, 2022: Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media:

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Հակառակ Վրաստանի կառավարությանը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է սկսել եվրոպացի առաջնորդների հետ՝ ի պաշտպանություն Վրաստանի ԵՄ անդամակցության: Ավելի վաղ կառավարությունը մերժել էր Վրաստանից դուրս պաշտոնական հանդիպումների շարք սկսելու նրա դիմումը։

Հինգշաբթի Զուրաբիշվիլին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, դրանից մեկ օր առաջ նրա վարչակազմը հայտարարել էր, որ այցը տեղի կունենա։

Չորեքշաբթի հրապարակված հայտարարությունում Վրաստանի կառավարության աշխատակազմը նշել է, որ Գերմանիա այցելելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի դիմումը օգոստոսի 3-ին մերժվել է՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն։

Հայտարարությունում նաև նշվում է, որ օգոստոսից դեկտեմբեր ամիսներին Ուկրաինա, Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Դանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բուլղարիա, Չեխիա և Իսրայել պաշտոնական այցեր կատարելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի դիմումները նույնպես մերժվել են։

Մերժումների համար որևէ կոնկրետ պատճառ չի նշվում, սակայն հայտարարությունն ընդգծում է, որ Վրաստանի նախագահը արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ է իրականացնում «միայն Վրաստանի կառավարության համաձայնությամբ», և որ երկրի արտաքին քաղաքականության իրականացման որոշման համար պատասխանատու է Վրաստանի կառավարությունը։

2022-ի հունիսին Ուկրաինան և Մոլդովան ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացան, մինչդեռ Վրաստանի դիմումը մերժվեց, փոխարենը երկրին ներկայացվեց 12 պայման, որոնք Վրաստանը պետք է կատարի նախքան իր դիմումի վերանայումը: Ակնկալվում է, որ Եվրամիությունը մինչև տարեվերջ կհայտարարի, թե արդյոք Վրաստանը կատարել է այդ պայմանները:

«Ողջախոհությունը նախագահի կողմից է»

Մի շարք ընդդիմադիր գործիչներ շատ արագ են արձագանքել՝ դատապարտելով կառավարության գործողությունները։

Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Ռակվիաշվիլին լրագրողներին ասել է, որ կառավարության դիրքորոշումն «անհասկանալի» է։

«Ողջախոհությունը նախագահի կողմից է։ Մենք գիտենք նրա դիրքորոշումը, որ նա աջակցում է եվրաինտեգրմանը։ Նրա հանդիպումները միանշանակ կօգնեն դրան, և անհասկանալի է, թե ինչու վարչապետը չի տալիս իր համաձայնությունը, արդյոք այս համաձայնությունը ձևական չէ՞»,- ասել է նա։

«Կարծում եմ՝ նախագահը ճիշտ է անում՝ դեմ գնալով կառավարությանը,- հավելել է Ռեխվիաշվիլին,- Իհարկե, կարգ ու կանոն կա, սակայն ողջախոհություն ամեն դեպքում գերակա է»:

«Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին կառավարության արարքը որակել է «հակասահմանադրական» և պնդել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գործում է «Մոսկվայի պատվերով», որպեսզի երկրին թույլ չտա ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ։

Նա հավելել է, որ Վրաստանն այժմ կարող է թեկնածուի կարգավիճակ ստանալ միայն այն դեպքում, եթե Եվրամիությունը քաղաքական որոշում կայացնի և տրամադրի կարգավիճակ, չնայած, որ Վրաստանը չի կատարել ԵՄ պայմանները։

«Հետևաբար, այդ քաղաքական որոշման համար նախագահի և պետության ցանկացած ներկայացուցչի լոբբինգը վճռորոշ նշանակություն ունի»,- ասել է Սամադաշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, սակայն, արագ վերահաստատել են կառավարության որոշումը և դատապարտել Զուրաբիշվիլիի գործողությունները՝ նրանցից ոմանք սպառնալով իմպիչմենտ ներկայացնել նախագահին:

Կուսակցության վարչության նախագահ Իրակլի Կոբախիձեն Զուրաբիշվիլիին մեղադրել է «եվրաինտեգրման հարցում երկրի շահերին [հակադրվելու] մեջ»։

«Նա ասաց, որ անցյալ տարի Վրաստանն արժանի չէր թեկնածուի կարգավիճակ ստանալուն, […] և որ այս տարի ԵՄ փաստաթղթերով նախատեսված բարեփոխումները միայն ֆորմալ առումով են իրականացվել, ուստի, ստացվում է, որ նրա կարծիքով՝ Վրաստանն այս տարի ևս արժանի չէ թեկնածուի կարգավիճակ ստանալուն»,- ասել է Կոբախիձեն։

Ե՛վ Կոբախիձեն, և՛ «Վրացական երազանք»-ի խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն պնդել են, որ Զուրաբիշվիլին դեմ է գնում Վրաստանի Սահմանադրությանը՝ շարունակելով պաշտոնական այցերը՝ հակառակ այն հանգամանքին, որ կառավարությունը թույլ չի տվել։

«Նա խախտում է [Սահմանադրությունը], ինչը շատ լուրջ փաստ է, և մենք չենք կարող դա անպատասխան թողնել»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ հնարավոր պատասխաններից մեկը իմպիչմենտն է։

Մդինարաձեն նույնպես ակնարկել է, որ կառավարության որոշումը պայմանավորված է Վրաստանի եվրաինտեգրման վերաբերյալ խորհրդարանում Զուրաբիշվիլիի հնչեցրած «վնասակար» հայտարարություններով։

Մարտի 31-ին խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ Զուրաբիշվիլին քննադատել էր կառավարությանը՝ պնդելով, որ Վրաստանին մերժել են ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել կառավարության գործողությունների և հռետորաբանության պատճառով։ Իշխող կուսակցության ղեկավար անդամներն անմիջապես դատապարտել էին նրա մեկնաբանությունները։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախկին նախագահ և Անվտանգության խորհրդի ներկայիս փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վրաստանի կառավարությանը բնութագրել է որպես «պրագմատիկ»՝ միաժամանակ նշելով, որ Վրաստանի քաղաքականության մեջ մնացել են «կատաղի», «խելագար» և «տարօրինակ» գործիչներ։

«Օրինակ՝ Վրաստանի ներկայիս նախագահը, ես չգիտեմ՝ նա խոսո՞ւմ է վրացերեն, թե՞ ոչ, նա իտալական արմատներով ֆրանսուհի է, որը կտրականապես դեմ է իր երկրի տնտեսության զարգացմանը»,- ասել է Մեդվեդևը։

«Սակայն, փառք Աստծո, հիմա, ինչպես հասկանում եմ, նման քաղաքական գործիչներն այնտեղ առաջատար դեր չեն խաղում, հատկապես, որ նախագահի ներկայիս դերը Վրաստանում, հաշվի առնելով, որ այն այժմ խորհրդարանական հանրապետություն է, նվազագույն է»,- հավելել է նա։

Զուրաբիշվիլին նախկինում ևս կոնֆլիկտներ է ունեցել իշխող կուսակցության հետ՝ կապված պաշտոնական այցեր կատարելու վերաբերյալ նրա դիմումները մերժելու հետ։

2022-ի մարտին ելույթ ունենալով խորհրդարանի լիագումար նիստում՝ նախագահը հայտարարել է, որ նախորդ ամիս կառավարությունն իրեն թույլ չի տվել աշխատանքային այցեր կատարել Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա։

Մեկնաբանել