Անհապաղ բացել Լաչինի միջանցքը և անցկացնել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում․ Պետդեպ

ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ ու կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորների փոխադրումների համար։ Պետքարտուղարության հայտարարությունը՝ ստորև։

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որի պատճառ է դարձել արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի, դեղամիջոցների ու այլ ապրանքների շարունակվող արգելափակումը։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը անդադար աշխատել է կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հնարավորություն ապահովելու ուղղությամբ։ Մենք կրկնում ենք հումանիտար, առևտրային փոխադրումների ու ուղևորափոխադրումների համար Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մեր կոչը։

Բացի այդ, Բաքվի պաշտոնատար անձինք ու Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն` համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց ու երեխաների համար կարևորագույն պարենամթերքի փոխադրման միջոցները, այդ թվում` մատակարարման լրացուցիչ երթուղիները, ինչպես նաև վերսկսեն բոլոր չլուծված խնդիրների քննարկումը։

Հումանիտար օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական անհամաձայնության պատանդը»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել