ՔՊ-ն լայնածավալ ու համակարգային կերպով վարչական ռեսուրս է չարաշահում. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը Գլխավոր դատախազությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում ուսումնասիրություն սկսել ու քայլեր ձեռնարկել ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտման, հարկադրաբար հավաքներին մասնակցելու դեպքերի առթիվ։

Սեպտեմբերի 8-ին քաղաքացի Արթուր Չախոյանը հրապարակել էր մի տեսանյութ, որով պարզվել էր, որ Նոր Նորք վարչական շրջանում իշխող ուժի կազմակերպած հանրահավաքին մասնակցում են բազմաթիվ մանկապարտեզների աշխատակիցներ։ Չախոյանը, ով «ներկա-բացակա» էր իրականացնում հավաքի մասնակիցների շրջանում, տարբեր անձանց հարցնում էր՝ ո՞ր մանկապարտեզի աշխատակազմն են ներկայացնում, քանի՞ հոգով են եկել, վերջիններս էլ տարբեր թվեր էին ասում՝ 20-ից մինչև 100 հոգու ներկայություն է ապահովվել։ Այս գործընթացում, ըստ տեսանյութի, ներգրավված էին նաև «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, «Ջրաշխարհ»-ի աշխատակազմը, գրադարանների ու մշակութային կենտրոնների աշխատակիցները, մանկապարտեզների բազմաթիվ աշխատակիցներ։ Ըստ տեսանյութի հեղինակի՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ բերված անձանց թիվը, որը ֆիքսել է ինքը, հասնում էին մոտ 800-ի։

«Ականատես» դիտորդական առաքելությունն իր մտահոգությունն է հայտնել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի չարաշահման համակարգված ու լայնածավալ դեպքերի առթիվ։ «Սեպտեմբերի 7-ին Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը վկայում են իշխող ուժի կողմից վարչական լծակների լայնածավալ և համակարգային չարաշահման մասին։ Այս գործելաոճն ամբողջովին խեղաթյուրում է ընտրական արդար և հավասար մրցակցային պայքարը, ինչպես նաև՝ անթույլատրելիորեն խոչընդոտում ընտրողների ազատ կամքի իրացումը»,- նշված է դիտորդական առաքելության հայտարարության մեջ։

«Ականատես»-ն ավելի վաղ հրապարակել էր մեկ այլ զեկույց, որտեղ դարձյալ մատնանշել էր վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին՝ իշխող ուժի կողմից։ Նրանք նաև ապացույցներ էին ներկայացրել ՔՊ-ի հավաքին 4000 դրամով մարդկանց ներգրավելու դեպքերի մասին։ Օրերս էլ ՔՊ շտաբի աշխատակիցներից մեկն էր հարձակվել «Ականատես»-ի դիտորդի վրա։

«Ականատես» դիտորդական առաքելության մաս են կազմում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը։ Նոր-Նորքում ՔՊ-ի հանրահավաքին պարտադրանքով մարդկանց ներգրավելու դեպքին անդրադարձել է նաև «Անկախ դիտորդ» դաշինքը՝ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։

Մեկնաբանել