Փաշինյանն ու Շոլցը քննարկել են տարածաշրջանում լարվածության աճին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, ԼՂ-ի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:

«Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը զրուցել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մակրոնն ընգծել էր, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում ևս պատրաստակամություն էր հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Մեկնաբանել