Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կշարունակվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քարեն Հիլլարդին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության պաշտոնական կայքից։

Իր հյուրին շնորհավորելով նշանակման կապակցությամբ` Դերենիկ Դումանյանը նշել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ առողջապահության նախարարության վաղեմի ու վստահելի գործընկերն է։ «Մենք միասին բազմաթիվ հաջողված ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք համատեղ աշխատել։ 2010թ. ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներն ընդլայնվել են։ Ես անչափ կարևորում եմ մոր և մանկան առողջության պահպանման, մանկական վերակենդանացման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Իսկ մանկական կուրության դեմ պայքարի ծրագիրը Հայաստանի առողջապահությունը ճանաչելի կդարձնի տարածաշրջանում»,- ասել է Դերենիկ Դումանյանը։

Քարեն Հիլլարդը, բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունքները, հավելել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարևորում է իրականացվող բոլոր ծրագրերը։ Նա ՀՀ առողջապահության նախարարից փորձել է ճշտել, թե ինչպե՞ս են առողջապահության բազմաթիվ ծրագրերն իրականացվում եղած փոքր բյուջեով։ «Ինքս կառավարության անդամ եմ և լավ եմ պատկերացնում, որ պետությունն այսօր սուղ հնարավորություններ ունի։ Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ ավելի լավ է քիչ ծրագրեր նախատեսենք, բայց ամբողջությամբ իրականացնենք»,- ասել է նախարարը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագրի միջնաժամկետ գնահատում պետք է իրականացվի, որում ակնկալել է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը։

Նախարար Դումանյանը թե աջակցության, թե հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Մեկնաբանել