Կառավարությունը վրացական պետհամարանիշների հարցում փոխզիջման չի գնա

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում փոխզիջման գնալ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների հարցում։ Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով վրացական պետհամարանիշներով մեքենաների շահագործման խնդրին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մարդիկ նման մեքենաներ ունեն ու նրանք Վրաստանի ռեզիդենտ են, օրենսդրությունը կարգավորում է այս հարցը, իսկ նրանք, որոնք դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ այդ հարցը պետք է ամենակոշտ ձևով կասեցնել»,- ասաց վարչապետը։

Նա պատմեց, որ անձամբ է առնչվել այս երևույթին․ «Երբ տեսա, որ Հայաստանում վրացական պետհամարանիշներով մեքենաներն ավելացել են, շատ ուրախացա՝ մտածելով, որ մեր կապերը, զբոսաշրջային հոսքերն ակտիվանում են, սակայն պարզվեց, որ դա իրականում մաքսային պարտավորություններից խուսափելու համար է»։

Փաշինյանը շեշտեց, որ այս հարցում որևէ փոխզիջում չի պատկերացնում։

Վրացական պետհամարանիշների խնդրի վերաբերյալ հարցը բարձրացրած պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ հաճախ ավտոմեքենայի գնից բարձր մաքսազերծման գումար է պահանջվում․ «Խնդիրը կարգավորման մեխանիզմն է, այսինքն՝ ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որ անձը կատարի իր հարկային պարտավորությունները, բայց դա չլինի չափից դուրս։ Այս պահից սկսած էլ արգելենք նոր մեքենաների ներմուծումը»,- նշեց պատգամավորը։

Ըստ Փաշինյանի՝ անձը պետք է վարի այն մեքենան, որն իր հնարավորությունների սահմանում է։

«Այդ սառեցման գումարն այդքան մեծ է դրված, որ անձը նախընտրի իր մեքենան մաքսազերծել Հայաստանում։ Հիմա բոլոր քաղաքացիներին ասենք՝ գնացեք օտարերկրյա համարանիշներ հանեք ու Հայաստանի Հանրապետությանը հարկ մի վճարե՞ք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նման խնդիր չեն ունենա Վրաստանի քաղաքացիները կամ երկքաղաքացիները։

Նա ամփոփեց, որ կարող են փոփոխություններ կատարել մոտեցումներում, սակայն ոչ ռազմավարական տեսլականի հարցում։

Պետական եկամուտների կոմիտեն օրենսդրական նախաձեռնություն է մշակում, համաձայն որի՝ վրացական պետհամարանիշով մեքենաների մաքսազերծման մասով փոփոխություններ են նախատեսվում: Առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել։

Ըստ ՊԵԿ-ի ներկայում ՀՀ տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են մոտ 10 000 միավոր ավտոմեքենա: Նշվում է, որ վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե մաքսատուրքերի, թե ավելացված արժեքի հարկի և թե գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրի պետական բյուջե:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել