Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի հարձակումը ու ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելու կոչ անում

Ֆրանսիան խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական օպերացիան՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, այդ թվում՝ բնակելի շրջանների ուղղությամբ։

«Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են ամիսներ շարունակ տևող ապօրինի շրջափակումից տառապող հազարավոր քաղաքացիական անձանց և հակասում են բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին։

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրի համար բացառիկ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա։

Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ։

Փարիզը սերտ կապի մեջ է եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ՝ վճռականորեն արձագանքելու այս անընդունելի հարձակմանը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

Մեկնաբանել