ՊԲ-ն կլուծարվի, Եվլախում կկայանա հանդիպում․ Արցախի իշխանություններն ընդունել են հրադադարի առաջարկը

ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»։

«Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև 2023-ի սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին»,- ասված է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 21-ին Եվլախում կհանդիպեն ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման» հարցով։

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հրետանային կրակով թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Հայկական կողմն ունի առնվազն 32 զոհ, վիրավորների թիվն անցնում է 200-ը։

Մեկնաբանել