ԼՂ-ի խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական միջոցներով կարժանանա ԵՄ-ի կոշտ արձագանքին․ Բորել

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը․ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ»։

Տեղեկացնելով, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունները, Բորելը շեշտել է, որ ակնկալում են բռնության անհապաղ և ամբողջական դադարեցում, հրադադարի հարգում։

ԵՄ-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ բացել մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացում՝ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի վճռին համապատասխան։

«Միջազգային դերակատարները պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան։ ԵՄ-ն և անդամ պետությունները պատրաստ են ապահովել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը»,- ասված է հայտարարությունում։

Բրյուսելը կոչ է արել Բաքվին և Ղարաբաղի հայերին սկսել համապարփակ և թափանցիկ երկխոսություն։

«Ադրբեջանը պարտավոր է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ իրենց տներում առանց ահաբեկման ու խտրականության ապրելու իրավունքը։ Խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի կոշտ արձագանքին։ ԵՄ-ն պատրաստ է դիմել համապատասխան քայլերի՝ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասված է հայտարարությունում։

Միևնույն ժամանակ, Բրյուսելը հայտնում է, որ աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը՝ 1991-ի Ալմաթիի հռչակագրին համապատասխան»,- հայտարարել է Բորելը։

Բրյուսելը նաև պատրաստ է հետագայում նույնպես աջակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված՝ Հայաստանի իշխանություններին, երկրում սկսված ժողովրդավարական բարեփոխումներին, անվտանգությանն ու կայունությանը։

Եվրամիությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման կոչ է անում՝ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարով։

Մեկնաբանել