ՄԱԿ-ի զեկույցին հակազեկույց է պետք․ Դավիթ Հակոբյան

ՄԱԿ-ի առաքելության պատրաստած զեկույցին անհրաժեշտ է պատասխանել հակազեկույցով, կարծում է Սիրիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը։

Նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի ընթացակարգին համապատասխան․ առաքելությունը պետք է այցելեր և տեղում ծանոթանար իրականությանը, բայց 10 օր հետո են եկել, երբ հայ չկա Արցախում։

«Ընդհանուր առմամբ, գրված է իրականությունից կտրված, զգույշ ձևակերպումներով զեկույց, օրինակ, «մեզ ասել են՝ 50-1000 էթնիկ հայ է մնացել»։ Նախ, սա շատ լայն միջակայք է, երկրորդ, չեն ասում՝ որ իրենք են հաշվել։ Ասում են՝ վնասված հիվանդանոց կամ դպրոց չկա, բայց երևի նրանց տարել են ընտրված հիվանդանոցներ և դպրոցներ։ Առաքելությունը նաև գյուղեր չի այցելել, իսկ դա կարևոր էր մարդկության դեմ հանցագործությունները արձանագրելու տեսանկյունից»,- ասում է Հակոբյանը։

ՄԱԿ-ի նախկին աշխատակաիցը կարծում է, որ այժմ կարևոր է՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները իրենց կարծիքն արտահայտեն նրա մասին, թե ինչպես և ինչու է Արցախի հայ բնակչությունը եկել Հայաստան։ Նա համոզված է, որ ԱԳՆ-ն մեծ աշխատանք ունի անելու, որպեսզի տեղի ունեցածի մեր նարատիվը կարողանանք տեղ հասցնել։

Հոկտեմբերի 2-ին հրապարակվել է ՄԱԿ-ի զեկույցը, ըստ որի՝ Արցախում կարող է մնացած լինել 50-1000 էթնիկ հայ։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք այցելել են Ստեփանակերտ, չեն արձանագրել «հիվանդանոցների, դպրոցների, տների, մշակութային ու կրոնական կառույցների վնաս» և նշել են, որ «Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել առողջապահական և այլ ենթակառուցվածքներ»։

Առաքելության անդամները «ոչ տեղացիներից և ոչ մյուսներից հրադադարից հետո քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի մասին չեն լսել»։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատել է ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը՝ շեշտելով, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները։

«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը», – գրել է նա։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել