Երևանի ավագանու ընտրություններում ձայների բաշխումը՝ ըստ վարչական շրջանների

Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը հաղթել է չորս վարչական շրջաններում՝ Կենտրոնում, Արաբկիրում, Ավանում և Նոր-Նորքում։ Ավագանիում որպես ընդդիմություն հանդես են գալիս Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»-ը, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան»-ը և Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն»-ը։ Այս երեք ուժերը միասին ավելի շատ ձայն են հավաքել վերը թվարկված վարչական շրջաններում, քան «Քաղաքացիական պայմանագիր»-ը (ՔՊ) և նրա հետ նույնական խոսույթով հանդես եկող Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը միասին։ Ավագանիում ներկայացված պայմանական այս երկու դաշինքների ձայները այլ վարչական շրջաններում միմյանց չափազանց մոտ են եղել, այնուհանդերձ, «Ազգային առաջընթաց»-«Մայր Հայաստան»-«Հանրային ձայն» եռյակը ավելի շատ քվե է ստացել, քան ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը։ Մանդատների բաշխմամբ էլ նրանք մեկ մանդատ ավել ունեն, քան ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը միասին։

Ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ն ու «Հանրային ձայն»-ը հավաքած ձայների կեսից ավելին՝ մոտ 57 տոկոսը, հավաքել են ընդամենը 5 վարչական շրջաններից՝ Կենտրոնից, Արաբկիրից, Քանաքեռ-Զեյթունից, Նոր-Նորքից ու Աջափնյակից։ Այս ուժերը հաղթել են նաև Ավանում։ Նրանց 102 051 ձայնից 57 459-ը ձևավորվել են հենց այս 5 վարչական շրջաններում, որոնք գտնվում են Երևանի հյուսիսում։ Սա որոշ իմաստով նաև սպասելի էր, քանի որ 2021-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն ընդդիմությանը պարտվել էր Կենտրոնում, Արաբկիրում, Ավանում, իսկ Նոր-Նորքում ձայների տարբերությունը չափազանց փոքր էր։

Երևանի ավագանու ընտրություններում ևս 2-3 վարչական շրջաններում ընդդիմությունը չափազանց մոտ է եղել ՔՊ-ի և «Հանրապետության» միացյալ ցուցանիշներին։ Այսպես՝ Քանաքեռ-Զեյթունում «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ն ու «Հանրային ձայն»-ը հավաքել են ձայների 43,8 տոկոսը, ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը՝ 44,8 տոկոսը։ Աջափնյակում վերջինները հավաքել են ձայների 46,6 տոկոսը, ընդդիմությունը՝ 42,2-ը։

Միայն երկու վարչական շրջաններ են եղել, որտեղ ՔՊ-ի և «Հանրապետության» առավելությունը մրցակիցների նկատմամբ եղել է զգալի։ Դրանցից մեկը Նորք-Մարաշն է, մյուսը՝ Նուբարաշենը։

Երևանի ավագանիում ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության հետ միասին ստացել է 65 մանդատներից 32-ը։ 33 մանդատ բաժին է հասել մյուս 3 ուժերին։

Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ը պատրաստվում է Երևանի ավագանու առաջին նիստին չմասնակցել, քվորում չապահովել, որը կբերի նոր ընտրությունների։ Այս մոտեցմանը կողմ է արտահայտվել նաև «Մայր Հայաստան»-ը։ Ավագանու առաջին նիստում քվորումի բացակայությունը կարող է բերել նոր ընտրությունների։ Մինչդեռ «Հանրային ձայն»-ը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նիստին և դեմ քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը։ Սակայն ներկա կարգավորումները թույլ են տալիս, որ անգամ դեմ քվեարկության դեպքում Տիգրան Ավինյանն ընտրվի քաղաքապետ և նոր ընտրությունների հասնելու համար բացառապես պետք է նիստին չմասնակցել։

«Հանրային ձայն»-ի ղեկավար Վարդան Ղուկասյանը ավելի վաղ նախապայմաններ էր առաջ քաշել՝ պահանջելով Հայկ Մարությանից իր հետ ստորագրել համապատասխան փաստաթուղթ, ամեն երրորդ թաղապետ դարձնել իր կուսակցին, այլապես կմասնակցի նիստին և կապահովի իշխանությանն անհրաժեշտ քվորումը։

Մեկնաբանել