Լեռնային Ղարաբաղից դուրս եկած վերջին ավտոբուսը

Լեռնային Ղարաբաղից Գորիս ժամանած փախստականներ։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Արշալույս Բարսեղյան, OC Media

Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող գրեթե ողջ բնակչության զանգվածային հոսքն ամբողջությամբ ավարտվել է, նրանցից շատերը, ովքեր ստիպված են նոր կյանք սկսել զրոյից, մտորում են, թե ինչ և ում են թողել այնտեղ՝ Լեռնային Ղարաբաղում:

Սեպտեմբերի 29-ին Գորիս տանող ճանապարհը լեփ-լեցուն էր տանիքներին կապոցներով ավտոմեքենաներով և անձնական ունեցվածքով լի բեռնատարներով։

Հայաստանի հարավի Գորիս քաղաքն այն վայրն էր, ուր ժամանում էին Լեռնային Ղարաբաղից սարսափահար փախչողները և գրանցվում, որպեսզի ժամանակավոր ապաստան գտնեն։

Տրանսպորտային միջոցները՝ բեռնված ներքնակներով, մանկական օրորոցներով, կենցաղային տեխնիկայով, հեծանիվներով և նույնիսկ ավտոմեքենա տեղափոխող մի բեռնատար, շարժվում էին դեպի հյուսիս, իսկ դրանց ուղևորները պատրաստվում էին նոր կյանք սկսել Հայաստանի մնացած մասերում:

Բայց ոչ բոլորը հնարավորություն ունեին մեկնել անձնական իրերով բեռնված ավտոմեքենայով։

Սեպտեմբերի 29-ին Գորիսում ինձ հանդիպածների մեծ մասը Հայաստան էր եկել կառավարության տրամադրած ավտոբուսներով: Նրանք վերջին մարդկանցից էին, որ դուրս են եկել Լեռնային Ղարաբաղից։

Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ Գորիս է ժամանել վերջին ավտոբուսը։ Հաղորդվում էր, որ Լեռնային Ղարաբաղի անձնատվությունից հետո Հայաստան է ժամանել ավելի քան 100 000 փախստական։ Տարածաշրջան գործուղված ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում 50-1000 հայ է մնացել:


Տարեց կինը՝ նստած Գորիսի կենտրոնում, որտեղ ժամանակավոր ապաստան են փնտրում Լեռնային Ղարաբաղից եկած փախստականները։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

«Ո՛չ վերմակ, ո՛չ ներքնակ, ո՛չ սառնարան, ո՛չ հեռուստացույց, ո՛չ էլ կահույք: Ամեն ինչ մնաց թուրքերին, ասում է հուշարձանի պատվանդանի աստիճաններին նստած Լաուրա Վարդանյանը, որը տարեց կին է։ Այսպես են ադրբեջանցիներին անվանում Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը, որոնց հետ ես խոսել եմ:

Լաուրան և նրա վեց-հոգանոց ընտանիքն այդ առավոտյան ժամանել էին Գորիս և սպասում էին, որ տեղափոխվեն Գյումրի՝ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը։ Նրանք այնտեղ ապրել են մինչև 1997-ին Լեռնային Ղարաբաղի Քաջավան (Ամիրանլար) գյուղ տեղափոխվելը։

2020-ին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, Լաուրայի որդին վիրավորվել է հաց թխելու ժամանակ։ Զրույցին միանում է նրա դուստրը՝ Մարիամ Նալբանդյանը՝ հավելելով, որ նույն պատերազմի ժամանակ իրենք կորցրել են իրենց տունը և ստիպված տեղափոխվել Մարտունի (Խոջավանդ), որտեղ ապրում էին պետական աջակցությամբ վարձակալած տանը։


Լաուրա Վարդանյանը և Մարիամ Նալբանդյանը։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

«Մտածում էինք, որ լավ կլինի, մինչև վերջին րոպեն չէինք հավատում, որ պետք է հեռանանք»,- պատմում է Մարիամը՝ խոսելով 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքների մասին, պատերազմ, որում հայկական կողմը պարտվեց։

Ընտանիքը երեք մարդու է ճանաչում, որոնք մնացել են Մարտունիում։ Տարեց մի կին, որը չի ցանկացել լքել ամուսնու գերեզմանը, մի տղամարդ, որը չի ցանկացել լքել որդու գերեզմանը, և մի անօթևան մարդ։

Այս անգամ նրանց հաջողվել է միայն հագուստ վերցնել իրենց հետ, յուրաքանչյուրը վերցրել է մեկ պայուսակ և հեռացել: Բայց Մարիամը յուրահատուկ մի բան է վերցրել իր հետ՝ Մարտունիում Մոնթե Մելքոնյանի մարմարե արձանից մի կտոր։


Մարտունիում Մոնթե Մելքոնյանի արձանից մի կտոր։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media:

Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցած հրամանատար Մոնթե Մելքոնյանը Հայաստանի և Արցախի ազգային հերոս է և վճռորոշ դեր է խաղացել Մարտունու համար մղված մարտերում։

«Արձանն ապամոնտաժվել է։ Ով կարողացել, մի կտոր վերցրել է դրանից մնացած փշրանքներից։ Դա իմ վերցրած ամենաարժեքավոր բանն է, մնացածը պարզապես նյութական է. դա ոչինչ է, մենք կստեղծենք այն: Մենք շատ կոտրված ենք,- արցունքներն աչքերին ասում է Մարիամը։- Մենք ոչ թե տուն ենք կորցրել, այլ հայրենիք»։

«Ոչ ոքի չէի ցանկանա անցնել այն ամենի միջով, որ մենք անցանք»

Քիչ հեռու ստվերում նստած է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից Առաքելյանների ընտանիքը։ Նրանց կողքին դրված է իրենց իրերով մի քանի պայուսակ, որոնք մայրը դասավորել էր ադրբեջանական զինուժի հրետակոծության ժամանակ: Նրանք չգիտեին, թե հետո ուր են գնալու։

Տասներեքամյա և տասնվեցամյա Ռաքսանա և Ռեգինա քույրերը հիշում են, որ սեպտեմբերի 19-ին իրենք տուն էին մտել և պատրաստվում էին ճաշել, երբ սկսվեց Ադրբեջանի հարձակումը։ Սահմանային լարվածության մշտական լուրերի ֆոնին նրանք սպասում էին, որ ինչ-որ բան կսկսվի, բայց չէին պատկերացնում, որ ամեն ինչ այդքան վատ կլինի:


Ռաքսանա և Ռեգինա Առաքելյանները։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

«Մեր տունը դպրոցի մոտ է, մենք եկանք տուն, սկսվեց, գնացինք նկուղ, իսկ երեք ժամ հետո գնացինք դպրոցի նկուղ,- պատմում է Ռեգինան։- Այնտեղ շատ գյուղացիներ էին հավաքվել։ Երբ թուրքերը [ադրբեջանցիները] հասկացան, որ այնտեղ շատ մարդ կա, թիրախավորեցին դպրոցը»,- պատմում է նա։

Նրանց հայրը վիրավորվել է ադրբեջանական հարձակման առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին։ Սեպտեմբերի 27-ին նա ուղղաթիռով տարհանվել է Երևան, որպեսզի վիրահատվի։

Սեպտեմբերի 20-ին գյուղը տարհանվել է մայրաքաղաք Ստեփանակերտ։

Գորիսի հրապարակում մեկ այլ կին նստած է խոտերին՝ շրջապատված երեխաներով։ 27-ամյա Սոնա Նահապետյանը չորս երեխաների մայր է Դրմբոն գյուղից։ Պատերազմի առաջին վայրկյաններին Սոնան կարծել է, թե ամպրոպ է, որը հաճախ է տեղի ունենում, բայց շատ չանցած հասկացել է՝ ինչ է կատարվում։

«Երեխաները դպրոցում էին, ահավոր վախեցած վազեցին տուն։ Ուրիշ երեխաներ կային, որոնք վախից չգիտեին, թե որ տուն են մտել։ Պատկերացրեք այդ երեխաների վիճակը»,- պատմում է Սոնան՝ հավելելով, որ իր երեխաներն առ այսօր վախենում են պայթյունի նմանվող ամենաթույլ ձայնից անգամ։

Քաղցած ու մրսած՝ նրանք տարհանվում են Ստեփանակերտ։ Սոնայի ամուսնու ու երեխաների ջերմությունն սկսում է բարձրանալ։

Սոնայի ամուսնու եղբոր կինը՝ 30-ամյա Գոհար Հարությունյանը, վերջին պատերազմը համեմատում է 2020-ի 44-օրյա պատերազմի հետ՝ ասելով, որ թեև այս անգամ այն տևեց ընդամենը մեկ օր, բայց սա ավելի սարսափելի էր։


Սոնա Նահապետյանն ու Գոհար Հարությունյանը իրենց երեխաների հետ։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Գոհարի հարազատ եղբայրը վիրավորվել է և ուղղաթիռով տեղափոխվել Երևան։ Զղջում է, որ Երկրորդ պատերազմից հետո վերադարձան Լեռնային Ղարաբաղ․ «Մենք վերապրեցինք այն ամենը, ինչի միջով անցել էինք»։

«Ոչ ոքի չէի ցանկանա անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցանք մենք։ Ինձ ուրախացնող միակ բանն այն է, որ ընտանիքս հաջողությամբ դուրս եկավ։ Հույս չկար, որ դուրս կգանք»,- ասում է Գոհարը։

Ընտանիքն այնտեղ է թողել տունը, որն ստեղծել էր հանքերում քրտնաջան աշխատանքի և անասնապահության միջոցով:

Գոհարն ասում է, որ ամենից շատ ափսոսում է ընտանեկան լուսանկարները վերցնել չկարողանալու համար: Արցախի պետական համալսարանից, որտեղ նրանք մնացել են իրենց գյուղի տարհանումից հետո մոտ տասն օր, նրան հաջողվել է բերել երեսունից ավելի զինվորների լուսանկարներ, որոնք զոհվել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Ասում է՝ լուսանկարները վերցրել է, քանի որ վախենում էր, որ արդեն Ստեփանակերտ հասած ադրբեջանցիները կպղծեին դրանք։

«Նրանք զենքերով շրջում էին, մեզ էին նայում, մատնացույց անում, ծիծաղում։ Դու քեզ նվաստացած ես զգում, ոչինչ չես կարողանում ասել»,- պատմում է Գոհարը։

Զբաղեցնել երեխաներին

Գորիսի հրապարակը լի էր նաև կամավորներով, որոնք շրջում էին, ջուր, սուրճ կամ սնունդ առաջարկում բոլորին, այդ թվում՝ լրագրողներին։

Քաոսի մեջ, կյանքը շարունակելու վճռականությամբ լի 100 000 մարդու ողբերգության տեսարանի պատկերին մի խումբ երեխաներ խաղում էին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տվյալներով՝ Հայաստան ժամանած փախստականներից 30 000-ը երեխա է։


Լեռնային Ղարաբաղից ժամանած երեխաները խաղում են Գորիսում։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

«Այս օրերին փորձում ենք երեխաներին զբաղեցնել՝ հերթերում անցկացնելուց, նույն տեղում անվերջ նստելուց հետո նրանց տրամադրությունը մի փոքր փոխելու համար, այդ բոլոր իրադարձություններից հետո վերջապես նրանց վերադարձնելու իրենց խաղերին, և ծնողներին հնարավորություն տալու հանգիստ կանգնելու, գրանցվելու, հագուստ հավաքելու՝ համոզված լինելով, որ երեխաներն ապահով վայրում են»,- ասում է «Բարեկամ» կենտրոնի համակարգող Հասմիկ Արզումանյանը։

«Բարեկամ» կենտրոնը տեղի «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որը 2020-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզի մի քանի բնակավայրերում ստեղծել է մանկական խնամքի ցերեկային կենտրոններ մարզի և Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:
Կամավորները և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատողները բաժանում են առաջին անհրաժեշտության պարագաներ: Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Լեռնային Ղարաբաղից ժամանող հայերի հետ աշխատողների թվում է նաև «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության թիմը: Նրանք տրամադրում են հոգեկան առողջության աջակցություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով, որ հոգեբանական առաջին օգնություն տրամադրեն նրանց, ովքեր հուզական ճգնաժամում են ավելի քան ինը ամիս տևած շրջափակումից և բռնի տեղահանման երկար ճանապարհորդությունից հետո, մարդիկ, որ հետևում են թողել իրենց տները:

«Նրանք գալիս են շոկի մեջ, անհանգստությամբ, սուր սթրեսով, շատ խորը դեպրեսիայով,- ասում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան տնօրեն Ֆրանկինգ Ֆրիասը։- Նրանցից ոմանք հոգեսոմատիկ խնդիրներ ունեն։ Դա նշանակում է, որ այդ զգացմունքային վիճակները նրանց մոտ ֆիզիկապես դրսևորվում են մարմնի տարբեր մասերում ցավերով»:

«Իհարկե, նրանցից ոմանք ունեն բժշկական կոնկրետ խնդիրներ։ Ոմանց դեպքում ֆիզիկական այդ խնդիրները հոգեկան վնասի արտահայտությունն են, քանի որ ունեն շատ բացասական հույզեր»,- OC Media-ի հետ զրույցում ասում է Ֆրիասը:

Ցիրուցան եղած ժողովուրդ

Գորիսի հրապարակում հավաքված մարդիկ տարբեր տարիքի էին, սակայն ունեն նույն ճակատագիրը։ Նրանք վերջին անգամ հավաքվել էին այս քաղաքում՝ նախքան Հայաստանով մեկ ցրվելը, որտեղ պետք է ստեղծեն իրենց նոր տները:

Փախստականներից շատերի համար նոր կացարանների աշխարհագրությունը ևս մեկ խնդիր է, որին նրանք այժմ ստիպված են լինելու առերեսվել։

Կառավարության առաջարկած կացարանները հիմնականում Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում են, մինչդեռ մեծ մասը ցանկանում է ավելի մոտ հաստատվել մայրաքաղաք Երևանին:

Շատերը նաև մտահոգություն են հայտնել, որ առաջարկվող որոշ վայրեր Ադրբեջանի հետ սահմանին են՝ ադրբեջանական կրակի նշանառության շրջաններում:


Փախստականներ Գորիսում։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Նման խնդրի առաջ է կանգնած Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից 40-ամյա Անժելա Բաղդասարյանը։ Նրանց ընտանիքին կացարան են առաջարկել Շիրակի մարզում, սակայն նրանք չեն ցանկանում այնտեղ բնակվել, քանի որ որդին սովորում է Երևանի պետական համալսարանում և այժմ ապրում է վարձով բնակարանում։

«Ես այնտեղ [Երևանում] չեմ կարող ապրել, նա էլ չի կարող հեռանալ այնտեղից,- ասում է Անժելան։- Մենք աշխատանք չունենք։ Ամուսինս զինվորական էր, և այս պահին աշխատանք չունի։ Ես նույնպես չունեմ: Ուզում ենք գնալ Երևանին մոտ գտնվող մի գյուղ՝ Արարատի մարզում, որտեղ տղաս կարող է ապրել մեզ հետ, որպեսզի ստիպված չլինենք վճարել նրա վարձակալության ծախսերը, մենք կարող էինք ապրել այդ գումարով»,- ասում է նա։

Անժելան և նրա ընտանիքը վերջինն են լքել Ճարտարը, և եղել են վերջիններից, որոնք դուրս են եկել Ստեփանակերտից։

Զրույցին միանում է նրանց հարևանը՝ 63-ամյա Էլլա Սուլեյմանյանը։ Հարցին, թե կա ինչ-որ բան, որ թողել է այնտեղ և զղջում է, որ չի վերցրել, Էլլան պատասխանում է, թե միայն կցանկանար մի բուռ հող վերցրած լիներ իր եղբորորդու գերեզմանից, որը զոհվել էր ադրբեջանական հարձակման ժամանակ:

Անորոշություն և մահ

Բոլոր փախստականներին, որոնց հետ խոսել եմ Գորիսում եղած ժամանակ, համակել էր ապագայի հանդեպ անորոշության զգացումը: Ոմանց համար այդ անորոշությունը տարածվում է իրենց մերձավորների ճակատագրի վրա:

Ղարաբաղյան հակամարտությունը մարդկային անթիվ կյանքեր է խլել և հանգեցրել անձնական բազմաթիվ ողբերգությունների, իսկ վերջին հապճեպ տեղահանությունը բացառություն չէր։

Սեպտեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց լուրերը, որ Ստեփանակերտից Գորիս ճանապարհին իսկապես մահվան դեպքեր են գրանցվել։


Ճարտարցի 74-ամյա Նուրվարդ Սարգսյանը տեղահանության երկարատև ճանապարհի պատճառով հիվանդացել է։ Լուսանկարը՝ Արշալույս Բարսեղյանի/OC Media։

Շաբաթ առավոտյան Երևան վերադառնալուց առաջ Գորիսի հրապարակում հանդիպեցի մի կնոջ, որը նստած էր նստարանին՝ կողքին մի քանի պայուսակ։ Նա ուղեկցում էր Լեռնային Ղարաբաղից մի ընտանիքի, որին մի քանի օր հյուրընկալել էր։

Ընտանիքը գնացել էր SIM քարտ վերցնելու՝ փորձելով որևէ լուր ստանալ որդու ու փեսայի մասին։ Նրանք երկուսն էլ սեպտեմբերի 25-ին գնացել էին վառելանյութ բերելու Ստեփանակերտի վառելիքի պահեստից։ Տարհանման քաոսի ժամանակ պահեստը պայթել էր, ինչի հետևանքով առնվազն 170 մարդ է զոհվել: Այդ պահից ի վեր ընտանիքը նրանց մասին լուր չուներ:

Ես այդ կնոջը տվեցի Առողջապահության նախարարության թեժ գծի համարը, որպեսզի ընտանիքը կարողանա պարզել, թե արդյոք իրենց հարազատների անունները հոսպիտալացվածների ցուցակում են։ Եթե ոչ, ապա, հավանաբար, նրանք նույնպես զոհվել են պայթյունի ժամանակ և համալրել տասնյակ հազարավոր մարդկանց շարքերը, որոնք զոհվել են ավելի քան երեք տասնամյակ տևած այս հակամարտության ընթացքում:

Մեկնաբանել