Բագրատ սրբազանը երթով շարժվեց բուհեր, երեկոյան կրկին հանրահավաք է նախատեսված

Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ երթով շարժվում են Երևանի պետական համալսարան։

«Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա։

Բացի ԵՊՀ-ից, երթի մասնակիցները գնացել են Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։

Սրբազանի խոսքով՝ «խաղաղ այցելություններից և գործողություններից» հետո երեկոյան ժամը 18։30-ին դարձյալ հավաքվելու են Հանրապետության հրապարակում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Այդ պահանջին հասնելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնելու են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրան զուգահեռ Երևանում և մարզերում նախատեսվում են անհնազանդության գործողություններ՝ ստիպելու վարչապետին հրաժարական ներկայացնել։

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան, մայիսի 9-ին հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում, որի ընթացքում ձևակերպել է վարչապետի հրաժարականի պահանջը։

Մեկնաբանել