Փաշինյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, հայտնում են վարչապետի գրասենյակից։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի անձանց բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերին վերաբերող հարցեր։

«Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին: Դունյա Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված»,- ասված է հաղորդագրությունում։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-ից սկսած՝ այցելելու է Հայաստան ու Ադրբեջան, «այդ թվում՝ Ղարաբաղի շրջան»։ Հոկտեմբերի 17-ին Դունյա Միյատովիչն այցելել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։

Մեկնաբանել