2024-ին «շատ լավ տնտեսական աճ» է լինելու. Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկը 2024-ին Հայաստանում կանխատեսում է 5,6% տնտեսական աճ․ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հոկտեմբերի 31-ին ԿԲ-ում հրավիրած ասուլիսին։

ԿԲ-ի աճի կանխատեսումը համեստ է կառավարության 7% տնտեսական աճի նպատակադրման համեմատ, սակայն մոտ է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին:

Գալստյանը չշտապեց թերագնահատել տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները: Նրա խոսքով՝ վերջին երկու տարում դրանք գերակատարվել են:

«Կառավարության գործընկերները 7% տնտեսական աճ են կանխատեսել վերջին երկու տարիների համար, սակայն անցյալ տարի եղել է 12,6%, իսկ այս տարի մոտ կլինի 7%-ին։ Կարծում ենք, որ կլինի ավելի բարձր, քան 7%-ն է»,- ասաց Գալստյանը:

Հաջորդ տարի, ըստ Գալստյանի, տնտեսական աճի ապահովման հարցում «չափազանց կարևոր է կապիտալ ծախսերի իրականացման ընթացքը տարվա կտրվածքով»: Երկրորդ կարևորագույն գործոնը, ըստ նրա, այն է, թե որքանով մասնավոր հատվածը, տեսնելով կառավարության իրականացրած կապիտալ ներդրումները, ևս նախաձեռնող կլինի նոր ներդրումների տեսնակյունից:

Գալստյանը ներկայացրեց տնտեսական աճի հարցում ԿԲ-ի պահպանողական կանխատեսման պատճառները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են որոշակի թերակատարումներ լինել կապիտալ ծախսերում, նաև՝ որ չգիտենք այս պահին այն պլանները, որ ունի մասնավոր հատվածը ներդրումների տեսանկյունից, փորձում ենք մեր կանխատեսումներում ավելի կոնսերվատիվ լինել, քան կառավարության գործընկերներն են»,- ասաց ԿԲ նախագահը` հավաստիացնելով, որ մյուս տարվա ընթացքում «շատ լավ տնտեսական աճ է լինելու, 5,6%-ը նորմալ թիվ է»:

ԿԲ նախագահն ընդունեց, որ այս տարի կապիտալ ծախսերի «որոշակի թերակատարում» կա, որից ելնելով էլ ԿԲ-ն ավելի զուսպ է մյուս տարվա կապիտալ ծախսերի կատարողականի գնահատման հարցում:

«Մենք արձանագրում ենք, որ կապիտալ ծախսերի «որոշակի թերակատարում» կա: Գործադիրի մեր գործընկերների հավաստմամբ՝ հիմնական ծախսերը տեղի են ունենալու այս տարվա չորրորդ եռամսյակում, որը թույլ կտա որոշակիորեն մեղմել այդ միտումը, բայց դա չափազանց կարևոր է մյուս տարվա համար, քանի որ կապիտալ ծախսերի ծրագիրը չափազանց ամբիցիոզ է: Շատ կարևոր է ճիշտ կազմակերպումը»,- նկատեց Գալստյանը` կարևորելով կապիտալ ներդրումների իրականացման հարցում բռնի տեղահանված արցախցիների ներուժի «ճիշտ օգտագործումը»:

***

2023-ի սեպտեմբերի 15-ի դրությամբ բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 47 տոկոս, այսինքն՝ բյուջեն 53 տոկոս թերակատարվել է։ Մասնավորապես, այդ ժամանակահատվածի համար նախատեսված է 411 մլրդ դրամ ծախս, որից ընդամենը կատարվել է 194 մլրդ դրամի ծախս։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ծախսերի թերակատարումը դասել էր «համակարգային խնդիրների շարքին»` նկատելով, որ ծախսերի կտրուկ ավելացում նկատվում է չորրորդ եռամսյակում, քանի որ շինարարական աշխատանքների համար վճարումները կատարվում են կատարողական ակտերի ստորագրումից հետո է միայն:

2024-ի պետբյուջեի եկամուտները կկազմեն 2,676 տրլն դրամ, ծախսերը` 3,17 տրլն դրամ՝ 2023-ի ճշտված բյուջեի ծախսերը գերազանցելով շուրջ 415 մլրդ դրամով կամ 15,9%-ով: Կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ՝ 2023-ի կապիտալ ծախսերից ավելի լինելով 126 մլրդ դրամով կամ 22%-ով:

Մեկնաբանել