Ավելի շատ հարցեր, քան պատասխաններ՝ Շահրամանյանի հարցազրույցից հետո

Հոկտեմբերի 28-ն Արցախի նախագահ Շամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց Արցախի հանրային հեռուստատեսությանը։ Շահրամանյանը հարցազրույց տալու մտադրության մասին հայտարարել էր դրանից օրեր առաջ՝ խոստանալով պատասխանել արցախյան հանրությանը հուզող հարցերին։

Այնուամենայինիվ, երկար սպասված այս հարցազրույցը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Մասնավորապես, Սամվել Շահրամանյանը այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե որն էր սեպտեմբերի սկզբին Արցախում իշխանափոխություն իրականացնելու շարժառիթը։ Ի՞նչ հաշվարկներով էր նախկին նախագահներից ու նրանց հարող ուժերից և գործիչներից բաղկացած քաղաքական բևեռը որոշել դիմել այդ քայլին։

Լրագրողի այս հարցին Շահրամանյանը ուղիղ պատասխան չտվեց։ Նա նշեց, որ ադրբեջանական հարձակման օրը գնացել էր ռուսական խաղաղապահ առաքելության ռազմակայան, որտեղ իրեն զգուշացրել էին նախապատրաստվող հարձակման մասին։ Շահրամանյանը հայտարարեց նաև, որ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում։

Այս մեկնաբանություններում կարելի է տեսնել այն ակնարկը, որ սեպտեմբերյան իշխանափոխությունը իրականացնելուց առաջ որոշակի ազդակներ ու երաշխիքներ էին եղել ռուսական կողմից, որոնք, սակայն, կյանքի չեն կոչվել։ Այս պարագայում, իհարկե, գլխավոր հարցն այն է, թե ինչ մակարդակով են այդ ազդակները հղվել և ինչն է ստիպել Արցախի նոր իշխանությանը Ռուսաստանի բազմամսյա անգործության պայմաններում հավատալ այդ երաշխիքներին։

Սեպտեմբերի 19-ից հետո ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ Շահրամանյանի պարզաբանումներում ևս որևէ նորություն չկար։ Նա հաստատեց այն, ինչն ակնհայտ էր առանց այդ հարցազրույցի էլ․ զինադադարի հայտարարությունն ու Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ որոշումը ստորագրվել է Ադրբեջանի ռազմական պարտադրանքի հետևանքով։ Հավելյալ տեղեկություններ, որոնք Շահրամանյանը մինչ այդ խոստացել էր հայտնել, այդպես էլ չեն ներկայացվել։

Արցախի նախագահը հարցազրույցի ընթացքում փորձեց նաև խուսափել սեպտեմբերի 19-ին հաջորդած ողբերգալի իրադարձությունների համար պատասխանատվությունից։ Խոսքը, մասնավորապես, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին է։ Նա նշեց, որ այդ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել և հույս հայտնեց, որ մեղավորները կպատժվեն։

Այդ հարցի հետ կապված իրավական գնահատականները թողնելով իրավապահ մարմիններին՝ պետք է, այնուամենայնիվ, արձանագրել, որ այդ օրերին Արցախում ստեղծված քաոսային իրավիճակի համար քաղաքական պատասխանատվություն են կրում հենց Արցախի իշխանությունները։ Այդ առումով Շահրամանյանի՝ պատասխանատվությունից խուսափելու փորձերը դժվար թե համոզիչ լինեն արցախյան հանրության համար։

Հարցազրույցի վերջին հատվածում Արցախի նախագահը խոսեց ապագա անելիքների մասին։ Նա, մասնավորապես, նշեց, որ այս փուլում նրանք կենտրոնանալու են արցախահայության վերադարձը Արցախ օրակարկարգային խնդիր դարձնելու վրա՝ վստահություն հայտնելով, որ նմանատիպ շահագրգռվածություն կա ինչպես միջազգային դերակատարների, այնպես էլ Ադրբեջանի մոտ։

Այս հայտարարության մեջ երկու խնդրահարույց հանգամանք կա։ Առաջինը կապված է Արցախի նախագահի ու իր կառավարության լեգիտիմության հարցի հետ։ Սամվել Շահրամանյանը Արցախի առաջին նախագահն է, որը չի ընտրվել համաժողովրդական քվեարկության միջոցով։ Այդ առումով նա լեգիտիմության շատ ավելի ցածր աստիճան ունի, քան նույն Ազգային ժողովը, որն ունի առաջնային մանդատ Արցախի ժողովրդից։ Շահրամանյանի պաշտոնավարման կարճ շրջանը ևս, բնականաբար, նրան վստահելի գործիչ չի դարձել արցախահայության շրջանում։

Երկրորդ հանգամանքն այն է, որ դեպի հայրենիք արցախահայության վերադարձը իրատեսական կլինի միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղում իրական ինքնակառավարում ու միջազգային անվտանգային երաշխիքներ լինեն։ Հարցազրույցի ընթացքում Շահրամանյանը, հղում անելով ադրբեջանական անանուն պաշտոնյաների, նշեց, որ Բաքուն որևէ դեպքում չի գնա նմանատիպ զիջումների։ Իրավիճակը իրականում ավելի բարդ է Արցախի էթնիկ զտումից հետո։ Սին է այն մտայնությունը, թե իբր Բաքուն լուրջ խնդիրներ ունի կամ կարող է ունենալ Արցախի հայաթափումից հետո։ Ավելին, Ադրբեջանը մոտակա տարիների ընթացքում ակտիվ քայլեր է ձեռնարկելու այս հարցը մեկընդմիշտ փակելու համար։ Այդ առումով վերադարձի հարցը երևի անհրաժեշտ է օրակարգում պահել, սակայն շատ մեծ ակնկալիքներ այդ օրակարգից չպետք է ունենալ։

Մեկնաբանել