14 տարի Ռուսթավելիի պողոտայում․ փաստագրելով Վրաստանի ընթացքը դեպի ավտորիտարիզմ

Մարիամ Նիկուրաձեն 2023-ին օտարերկրյա գործակալների օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Լուսանկարը` Գիորգի Նակաշիձեի։

Մարիամ Նիկուրաձե, OC Media

Չնայած բոլոր նախազգուշական նշաններին՝ դեռ կան մարդիկ, որոնք չեն կարողանում կամ հրաժարվում են տեսնել, թե որքան հետ է գնացել Վրաստանը: Սակայն վերջին 14 տարիներին աշխատելով որպես լրագրող՝ մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում իմ տեսախցիկի օբյեկտիվի միջոցով ես առաջին ձեռքից եմ տեսել և փաստել իմ երկրի անկումը:

Խոսքը Ռուսթավելի պողոտայի մասին է՝ Թբիլիսիի կենտրոնական փողոցը, որտեղ գտնվում է երկրի խորհրդարանը և որը տասնամյակներ կամ ավելի եղել է այն հիմնական վայրը, ուր վրացիներն արտահայտել են իրենց դժգոհությունը։

Այստեղ էր, որ 1989-ի ապրիլի 9-ին խորհրդային զորքերը կոտորեցին բազմաթիվ վրացիների, որոնք բողոքի էին դուրս եկել հանուն իրենց անկախության: Հենց այստեղ էր նաև, որ 2007-ին՝ «Միացյալ ազգային շարժման» նախկին կառավարության օրոք, ոստիկանությունը, ունենալով ծայրահեղ նախապաշարմունքներ, ուժի գործադրմամբ ցրեց հառաիշխանական լայնածավալ խաղաղ բողոքի ակցիան։

Որպես բողոքի վայր՝ Ռուսթավելի պողոտայի հետ իմ սեփական հարաբերություններն սկսվել են 2009-ին, երբ փաստագրում էի ընդդիմության բողոքի ցույցերը՝ հայտնի որպես «բանտախցերի քաղաք»:


Ընդդիմությունը տեղադրել է բանտախցեր՝ ամիսներ շարունակ փակելով Ռուսթավելի պողոտան՝ ի նշան կառավարության բռնաճնշումների դեմ բողոքի: Այն ժամանակ ես թվային տեսախցիկ չունեի, ուստի իմ առաջին լուսանկարներից մի քանիսն արել եմ շատ հին տեսախցիկով: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

2009-ին հակաիշխանական ցույցերի ժամանակ Ռուսթավելի պողոտայի նստարաններից մեկը: Լուսանկարը` Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

Իշխանության գալով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը խոստացավ վերացնել փողոցներում այլախոհությունը ճնշելու ավանդույթը և ապահովել մամուլի իրավունքները՝ վստահեցնելով, որ իրենք կպահեն իրենց խոստումը:

Եվ այնուամենայնիվ, այսօր կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկում խոսքի, հավաքների և մամուլի ազատությունը ճնշելու համար: Յուրաքանչյուր նոր բողոքի ակցիայի հետ անհիմն ձերբակալությունների թվին զուգընթաց ավելանում է ոստիկանության, կառավարության աջակիցների կողմից գործադրվող բռնության մակարդակը, ինչը և ես ակնկալում էի: Ավելին, անցած 14 տարինների ընթացքում աշխատելով փողոցում, ռեպորտաժներ պատրաստելով, կարող եմ ասել, որ այժմ Վրաստանում արդեն լրագրող լինելը դարձել է ավելի դժվար և վտանգավոր, քան երբևէ։

Համեստ սկիզբ

Սակայն ե՞րբ սկսվեց ամեն ինչ այդքան արագ վատանալ։

Չնայած «Վրացական երազանք»-ի առաջին անգամ իշխանության գալուց հետո մարդկանց հիմնարար իրավունքները զգալիորեն բարելավվել էին, նույնիսկ այս սկզբնական տարիները հեռու էին կատարյալ լինելուց:

Առաջին նախազգուշական նշաններից մեկը, որ լրագրողները, ազատ մամուլը վտանգի տակ են, Աֆղան Մուխթարլիի առևանգումն էր։ 2017-ի մայիսին փողոցից նրա առևանգման ու Ադրբեջանին հանձնելու միջադեպը պատշաճ կերպով չի հետաքննվել։ Լրատվամիջոցների հետաքննությունները, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայությունից արտահոսած փաստաթղթերը վկայում են այն մասին, որ վրացական պետությունը մասնակցել է այդ ամենին։

Սակայն հավաքների ազատության առումով նախազգուշական նշանները, հավանաբար, դեռ ավելի շուտ պետք է նկատվեին: Նույնիսկ հիմա այս իշխանության ամենամեծ մեղքերից մեկը 2013-ի մայիսի 17-ի դեպքերն են։ Տասնյակ հազարավոր մարդիկ այդ օրը դուրս էին եկել Ռուսթավելի պողոտա, որպեսզի ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի տասնյակ ակտիվիստների թույլ չտան իրացնել հավաքների իրենց իրավունքը։

Ես լուսաբանում էի այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, և ականատես եղա, թե ինչպես ոստիկանները բռնի ամբոխին թույլ տվեցին անցնել առանց դիմադրության: Այդ օրը մի քանի մարդ վնասվածքներ ստացավ, իսկ ակցիային մասնակցող ակտիվիստներն առ այսօր պայքարում են այդ օրն ստացած տրավմաների հետևանքները վերացնելու համար։

Կանայք եղինջի փնջերով էին եկել, որպեսզի հարձակվեն ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների վրա: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

2013-ի մայիսի 17-ին Ռուսթավելի պողոտայում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներից մեկը, որն ակնհայտորեն ցնցված է կատարվածից: Լուսանկարը` Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

Թերևս առաջին անգամ, երբ կառավարությանը մարտահրավեր նետվեց զանգվածային փողոցային ցույցերով, ես առաջին անգամ վնասվածք ստացա մասնագիտական գործունեությունս իրականացնելիս։

Բողոքի ցույցերն սկսվել էին 2018-ին մի քանի հայտնի գիշերային ակումբների վրա ոստիկանության զինված հարձակումներից հետո։ Ես Bassiani ակումբի մոտ էի, երբ ոստիկանությունն սկսեց ցրել ցուցարարներին: Չնայած տեսախցիկը ձեռքիս էր և փորձում էի փաստագրել այն, ինչ տեղ էր ունենում, ոստիկանությունը դրան ուշադրություն չդարձրեց: Ես ընկա գետնին, իսկ ոստիկաններից մեկը ոտքը դրեց պարանոցիս։

Հետագա բողոքի ցույցերի ընթացքում ցույցեր ցրող ոստիկանները «Վրացական երազանք»-ի իշխանության օրոք առաջին անգամ տեղակայվեցին Ռուսթավելի պողոտայում, երբ ծայրահեղ աջերը փորձեցին հարձակվել ցուցարարների վրա։ Թեև այդ ժամանակ ոստիկանները ուժ չկիրառեցին ցուցարարներին ցրելու համար:

Ցուցարարները Ռուսթավելի պողոտայում՝ Թբիլիսիում ակումբների վրա ոստիկանական հարձակումներից հետո։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Ցույցերը ցրող հատուկջոկատային ոստիկանների ներկայությունը, որոնց տեղացիներն անվանում են «ռոբոտ ոստիկաններ», այդ ժամանակվանից ի վեր Ռուսթավելի պողոտայի համար դարձել է շատ ծանոթ տեսարան: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Կապտուկները, որոնք ստացել եմ ոստիկանի կոշիկների տակ եղած ժամանակ։ Ո՛չ սրանք, ո՛չ էլ ուրիշների ստացած վնասվածքների հարցով երբևէ հետաքննություն չի իրականացվել: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Այդ մայիսը հիշարժան ամիս դարձավ կառավարության համար, քանի որ կառավարության նկատմամբ զայրույթն աճեց ակումբների վրա ոստիկանական արշավների պատճառով:

Մալխազ Մաչալիկաշվիլին, ում որդին՝ Թեմիրլանը, սպանվել էր Պանկիսիում հատուկ գործողության ժամանակ, և Զազա Սարալիձեն, ում որդին՝ Դավիթը, սպանվել էր դպրոցական ծեծկռտուքի ժամանակ, միավորվել էին և ստեղծել «Հայրեր հանուն արդարության» նախաձեռնությունը, որպեսզի բողոքեն իրենց որդիների հետ կատարվածի դեմ։

Երբ դատարանը կայացրեց Դավիթ Սարալիձեի սպանության գործով դատավճիռը, որը շատերը համարում էին քաղաքական պատվեր, արձագանքը չուշացավ: Դրան հետևած բողոքի ցույցերը խաղաղ էին, և կարծես հանգեցրին իսկական փոփոխության (գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական տվեց): Սակայն ավելի ուշ հասկացանք, որ քիչ բան էր փոխվել:

«Վրացական երազանքը» համտեսում է բռնության համը

Թեև 2018-ին հատուկջոկատայինների հայտնվելու դեպքերը համեմատաբար խաղաղ ավարտվեցին, նույնը չի կարելի ասել 2019-ին Պանկիսի հովտում նրանց կողմից ուժի կիրառման մասին, երբ դաժանորեն ցրում էին ՀԷԿ-ի կառուցման դեմ տեղացիների բողոքի ակցիաները: Տեղական իրավապաշտպան խմբերը ոստիկանության գործողությունները որակել են որպես ուժի անհամաչափ կիրառում:


Ոստիկանության հատուկջոկատայինները՝ Պանկիսի հովտում, 21 ապրիլի 2019։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Պանկիսի կանայք հովտում ցույցերը ցրելու ոստիկանական գործողություններից անմիջապես հետո։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Հատուկջոկատայիններն առաջին անգամ ուժ կիրառեցին Ռուսթավելի պողոտայում ընդամենը մի քանի ամիս անց՝ 2019-ի հունիսի 20-ի գիշերը, որն այլ կերպ կոչվում է «Գավրիլովի գիշեր»։

Այդ գիշեր ինձ դիպավ ոստիկանների արձակած ռետինե գնդակներից մեկը, սակայն դա այնքան էլ ցավոտ չէր, որքան արցունքաբեր գազը, որը ես նախկինում չէի զգացել։

Արցունքաբեր գազի ներգործությունից հետո աշխատելը գրեթե անհնար է դառնում։ Այն կաթվածահար է անում քեզ առնվազն 10-15 րոպե, մինչև զգայարաններդ կրկին սկսեն աշխատել, ինչից հետո, հավանաբար, նորից կարող է արցունքաբեր գազ կիրառվել։

Հիշում եմ, որ այդ գիշեր շատ վախեցա։ Ես նախկինում երբեք չէի լուսաբանել իրադարձություն, որի ժամանակ ոստիկաններն այդքան անկանոն կրակած լինեին: Հիշում եմ՝ մտածում էի, որ եթե մամուլի բեյջով և տեսախցիկով մնամ ոստիկանության միջանցքի մոտ, նրանք հաստատ չէին կրակի լրագրողների վրա, սակայն, ինչպես պարզվեց, նրանց դա ուղղակի չէր էլ հետաքրքրում։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենա, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառում։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Այս լուսանկարում, որը ես եմ արել, պատկերված են այլ լրագրողներ։ Այն շատ լավ ցույց է տալիս, թե որքան վախեցած էին բոլորը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Այդ գիշեր ցուցարարներից բացի, բազմաթիվ լրագրողներ վնասվածքներ ստացան։

Չեմ կարող մոռանալ, երբ առաջին անգամ տեսա ընկերոջս և գործընկերոջս՝ Գուրամ Մուրադովի լուսանկարը, որի սպիներն այդպես էլ ամբողջությամբ չապաքինվեցին։

Դրանից հետո թվում էր, թե Ներքին գործերի նախարարությունը բռնության համն առել էր, և այդ ժամանակվանից նրանք հազվադեպ են բաց թողնում հատուկջոկատայիններին դուրս բերելու հնարավորությունը:

Նրանք հենց այդպես էլ վարվեցին նույն տարվա նոյեմբերին, երբ մի քանի հարյուր մարդ փորձում էր շրջափակել խորհրդարանը այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը որոշեց չպահել ընտրական բարեփոխումներ իրականացնելու իր խոստումը: Այսպիսով, նոյեմբերի վերջին, երբ ձմեռային ցուրտն արդեն սկսվել էր, ոստիկանությունը ջրցան մեքենա կիրառեց համեմատաբար փոքր թվով ցուցարարներին ցրելու համար:

Ոստիկանությունը բազմիցս է գործի դրել հատուկջոկատայիններին և կիրառել ջրցան մեքենաներ՝ ընդդեմ խորհրդարանի համամասնական ընտրակարգով ընտրությունները չհաստատելու դեմ բողոքի ակցիաների: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Երբ դրանից անմիջապես հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, մարդիկ այնքան դժգոհ էին արդյունքներից, հատկապես երկրորդ փուլից հետո, որ հազարավոր մարդիկ Ռուսթավելի պողոտայից մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողով մոտ 10 կիլոմետր ճանապարհ անցան ոտքով, սակայն այնտեղ նրանց դեմ ջրցան մեքենա կիրառվեց։

Ես քայլեցի նրանց հետ և հասա մարտի դաշտ։ Հատուկջոկատայիններն արդեն ուժ էին գործադրել մեզնից առաջ ժամանածների դեմ։ Չնայած ԿԸՀ-ի շենքի մուտքը ուժեղ պաշտպանված էր ոստիկանական և հրշեջ մեքենաներով, ցուցարարների նկատմամբ ուժ, այնուամենայնիվ, կիրառվել էր։

Նախորդ բողոքի ցույցերից հետո ես կարծում էի, թե լավ եմ սովորել, թե ինչպես պաշտպանվեմ ոստիկանական ուժերից։ Ես թաքնվեցի ջրցան մեքենայի դիմաց գտնվող ավտոբուսի հետևում, որը կարծում էի կպաշտպանի ինձ դրանից: Հենց այդպես էլ եղավ, սակայն երբ տեսախցիկը պահեցի դեմքիս, մի աղյուս հարվածեց տեսախցիկին: Ես իրականում չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ, բայց հետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, որ գուցեև տեսախցիկն այդ օրը փրկեց կյանքս։


Ոստիկանները ԿԸՀ-ի մոտ ջրցան մեքենա են կիրառում։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Ես իրականում չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ, բայց հետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, որ գուցեև տեսախցիկն այդ օրը փրկեց կյանքս։ Լուսանկարը Գիորգի Ժամերաշվիլիի/IPN։

Շրջադարձ ընդդեմ մեդիայի

Այդ ժամանակվանից ի վեր լրագրող լինելն էլ ավելի վտանգավոր է դարձել։

2021-ի ապրիլի 9-ին իշխող կուսակցությանը հարող պահպանողական մի խմբի ցույցն էր տեղի ունենում, որի ընթացքում տոնում էին, ինչպես իրենք էին ձևակերպում, «վրացականությունը»: Այդ օրը ես առաջին անգամ բացահայտ թշնամանք զգացի իմ հանդեպ այն պատճառով, որ լրագրող էի։ Մի քանի ցուցարարներ ինձ նախատեցին իմ արտաքինի համար, և ես հիշում եմ, որ ցույցի առաջնորդ Ուծնոբին (Գիա Գաչեչիլաձե), իր կողմնակիցներին կոչ էր անում չխոսել լրատվամիջոցների հետ: Դա տհաճ էր ու մի քիչ էլ վախենալու։

Սակայն ոչ մի փորձառություն, որը ես նկարագրեցի վերևում, նույնիսկ մոտ չէ այն ամենին, ինչ տեղի ունեցավ 2021-ի հուլիսի 5-ին: Ես կարող եմ ժամերով խոսել հուլիսի 5-ի և 2021-ի «Հպարտության շաբաթ» միջոցառման մասին, բայց հակիրճ ասեմ, որ հուլիսի 5-ն այն օրն էր, երբ Վրաստանում լրատվական բեյջ կրելը վտանգավոր դարձավ:

Առավոտյան OC Media-ում որոշեցինք քողարկված աշխատել այդ օրը, ինչը կարող էր պարզապես փրկել մեզ: Սակայն Ռուսթավելի պողոտայի մոտ ականատես եղա, թե ինչպես ամբոխը հարձակվեց և կլանեց իմ երկու լավ ընկերներին, որոնց հետ ես Վրաստանում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ եմ լուսաբանել: Նրանք երկուսն էլ գլխի հատվածում վնասվածքներ ստացան և որոշ ժամանակ անցկացրին հիվանդանոցում։ Այդ օրը հարձակման ենթարկվեցին նաև իմ մյուս ընկերներից երկուսը, որոնք լուրջ վնասվածքներ ստացան։

2021-ի հուլիսի 5-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, ամբոխը հարձակվել է լրագրողների վրա: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Ես լուսաբանել եմ «Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի հուղարկավորությունը, որը մահացել էր հուլիսի 5-ին ծանր վիրավորվելուց մեկ շաբաթ անց: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Ոստիկանությունը, չնայած ուժ կիրառելու արդեն իսկ հաստատված կարողությանը, այդ օրը չմիջամտեց, որպեսզի դադարեցնի բռնությունը։ Դրանից հետո կառավարությունը միայն խրախուսել է մամուլի վրա հետագա հարձակումները:

Մութ ապագա Ռուսթավելի պողոտայում

2022-ին, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և այն, որ Վրաստանը երես է թեքել Արևմուտքից, թերևս, էլ ավելի են վատթարացրել իրավիճակը։

Երբ Վրաստանը չկարողացավ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալ, Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հակաիշխանական ցույցերը, որոնք, թերևս, ամենամեծն էին երկրի պատմության մեջ, տապալվեցին՝ կորցնելով ուղղությունը:

Հունիսի 20-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին՝ ի նշան ԵՄ-ին Վրաստանի անդամակցության աջակցության: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Բայց 2022 թվականը միայն նախերգանքն էր այն ամենի, ինչ սպասվում էր այս տարի: Երբ «Վրացական երազանք»-ն օտարերկրյա գործակալների մասին իր օրինագծերը ներկայացնում էր խորհրդարան, առաջին անգամն էր, որ սկսեցի վախենալ Վրաստանում OC Media-ի գոյության համար, կովկասյան այն երկրում, որը մենք համարում էինք ամենաանվտանգը, երբ 2017-ին հիմնադրում էինք կազմակերպությունը: Մենք սկսեցինք դիտարկել արտերկրում գրանցվելու հնարավորությունը, եթե օրենքն ընդունվի:

Սակայն օրինագծերը դիմադրության արժանացան առաջին հերթին Ռուսթավելի պողոտայում։

Ոստիկանության հատուկջոկատայինները կրկին ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ։ Նրանք անողոքաբար արցունքաբեր գազ էին օգտագործում։ Նույնիսկ բողոքի ակցիաներից հետո օրեր անց իմ հագուստից դեռ գալիս էր այդ հոտը։ Սակայն ցուցարարները չնահանջեցին։

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Հատուկջոկատային ոստիկանը վաղ առավոտյան խորհրդարանի մոտ։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Այս տարի ես նույնպես միակ լրագրողն էի, որը հունիսի 2-ին Ռուսթավելի պողոտայում հետևել է Էդուարդ Մարիկաշվիլիի ձերբակալությանը և փաստագրել այն։

Հավաքվել էին մի քանի ցուցարարներ, նրանցից ոմանց ձեռքին կային վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին վիրավորող հաղորդագրություններով պաստառներ։ Դա հանուն իրենց ազատ արտահայտման իրավունքի բողոքի ակցիա էր, նախկինում նման հաղորդագրություններով պաստառները ոստիկանությունն առգրավվում և ոչնչացնում էր։

Ցուցարարներից մի քանիսը ձերբակալվեցին։

Տեղեկանալով այդ մասին՝ փաստաբան և իրավապաշտպան Մարիկաշվիլին շտապեց Ռուսթավելի պողոտա։ Նա ձեռքում դատարկ թղթի կտոր էր պարզել։


Վրաստանի դեմոկրատական նախաձեռնության (GDI) նախագահ Էդուարդ Մարիկաշվիլին (ձախից) ձերբակալվել է դատարկ թուղթ պարզելու համար։ Ձերբակալվել է նաև ակտիվիստ Նիկա Ռոմանաձեն (աջից): Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Նա ձերբակալվեց։

Մարիկաշվիլիի ձերբակալությունը և ավելի ուշ դատարկ թուղթ պարզելու համար նրա դատապարտումը ցույց տվեցին, թե որքան դժվար է դարձել բողոքի ակցիա իրականացնելը՝ ունենալով խստացված օրենսդրություն և դատարաններ, որոնք չեն ծառայում արդարադատությանը, այլ դարձել են կառավարության գործիքները:

Նրա ձերբակալությունը հայելային անդրադարձն էր այն ամենի, ինչ մարդիկ տեսել էին Ռուսաստանի և Բելառուսի ավտորիտար ռեժիմների պարագայում:

Սակայն չնայած դրան, և չնայած այն ամենին, ինչ ես արձանագրել եմ տարիների ընթացքում և այս հոդվածում, արտերկրում որոշում կայացնողների հետ իմ զրույցներից շատերի ժամանակ, նրանք զարմանում են կամ նույնիսկ թերահավատորեն են մոտենում հարցին, թե որքան է վատացել իրավիճակը։

Վրացիների մոտ նման խոսակցությունները հաճախ ուղեկցվում են համակերպման զգացումով։

Սակայն իրավիճակը գնալով վատթարանում է։ Ակնկալվում է, որ շուտով ուժի մեջ կմտնի բողոքի դեմ պայքարի հետագա օրենսդրությունը, իսկ ապագայում կհայտնվի մեր հյուսիսային հարևան երկրում արդեն փորձված և փորձարկված այլ գործիքների հեռանկարը, ինչպիսին է ԼԳԲՏ համայնքի «քարոզչության» մասին օրենքը:

Երբ ավելի վաղ այս տարի մենք հրապարակեցինք նյութն այն մասին, թե ինչպես է խորհրդարանի նախագահն ուղղակիորեն ճնշում գործադրում OC Media-ի դոնորների վրա, ես և իմ գործընկեր Ռոբին Ֆաբրոն Համբուրգում էինք՝ ստանալու «Ազատ լրատվամիջոց» անվանակարգի մրցանակը: Մեր գործընկեր մրցանակակիրներից մեկը Reform.by-ից էր և մրցանակն ստանալուց հետո ունեցած ելույթի ժամանակ նա կարդաց Բելառուսի բանտերում գտնվող լրագրողների անունների երկար ցուցակը: Մեր կողքին նստած էր մեկ այլ մրցանակակիր՝ Ռուսաստանի iStories-ից, որն աքսորված և չի կարող վերադառնալ իր տուն։

Նրանց պատմություններում ես տեսա ապագան, որ սպասվում է Վրաստանին, եթե հիմա ավելին չարվի մեր ժողովրդավարությունը փրկելու համար: Որպես լրագրող նրանց պատմություններում ես նաև տեսա իմ ապագան՝ բանտում կամ աքսորում։ Բայց քանի դեռ այդ ապագան չի եկել, ես կշարունակեմ իմ աշխատանքը Ռուսթավելի պողոտայում։

Մեկնաբանել