Ո՞վ է ռազմական փորձագետ ներկայացող Վան Համբարձումյանը

Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հաճախ հանդիպում են հրապարակումներ և վերլուծություններ Հայաստանի անվտանգային, սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ մեջբերելով ռազմական փորձագետ ներկայացող Վան Համբարձումյանին։

Որպես կանոն #CivilNetCheck-ը ստուգում ու բացահայտում է պաշտոնյաների ու հանրային գործիչների հայտարարությունները, լրատվամիջոցների տարածած առերևույթ կեղծ տեղեկատվությունը։ Տվյալ դեպքում մենք ստուգաչափի ենք ենթարկել ռազմական փորձագետ ներկայացող Վան Համբարձումյանի կենսագրությունը։ Պատճառը ՍիվիլՆեթի ընթերցողներն են․ մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել՝ նրա կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ստուգելու խնդրանքով։

Վան Համբարձումյանը հանրային դաշտում սկսեց ակտիվանալ 2019-ից։ Նրան պարբերաբար հարթակներ է տրամադրում «Հայելի» մամուլի ակումբը, նրանից տարբեր առիթներով հարցազրույցներ են վերցրել 5-րդ ալիքն ու Հ2 հեռուստաալիքը, Yerevan.Today-ը և այլ լրատվամիջոցներ։

Ի՞նչ է հայտնի Համբարձումյանի մասին

Համբարձումյանը, համաձայն Ֆեյսբուքյան իր օգտահաշվի, աշխատում է Պաշտպանության նախարարությունում, իսկ Հ2-ի եթերում էլ իր կենսագրության մեջ նշել է, թե 2013-2014-ին «աշխատել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի աշխատակազմում որպես ռազմական վերլուծաբան, սպառազինության գծով մասնագետ», մինչդեռ ՊՆ-ից մենք պաշտոնապես տեղեկացանք, որ նույն ժամանակահատվածում Վան Համբարձումյանն աշխատել է «ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ (քաղաքացիական հաստիք)», ոչ թե ռազմական վերլուծաբան, ներկայում էլ նա ՊՆ-ում չի աշխատում։

Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է իր ֆեյսբուքյան հաշվում նշել, որ աշխատում է ՊՆ-ում։ Պատասխանեց, որ օգտահաշիվը ստեղծել է 2018-ին ու «սխալմամբ ներկա ժամանակաձևով է լրացրել իր աշխատավայրի մասին տեղեկատվությունը»։ Ճշտող հարցին, թե վերջին հինգ տարվա ընթացքում չի՞ գտել տեղեկատվությունը թարմացնելու կոճակը, Համբարձումյանը պատասխանեց, թե «բոլորը տեղյակ են, որ ՊՆ-ում չի աշխատում, ուստի՝ ոչ էլ մտածել է այդ փոփոխությունը կատարելու մասին»։

Ինչ վերաբերում է 2013-14-ին ՊՆ-ում աշխատելու մասին տեղեկատվության անհամապատասխանությանը՝ Համբարձումյանը վստահեցրեց, որ ինքը աշխատել է ԳՇ-ում, սակայն գրանցված է եղել որպես վարորդ։

«Ես միշտ երազել եմ բանակում աշխատել։ 2013-ի սեպտեմբերին ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի մոտ եմ մտել, նա քաղաքացիական անձանց ընդունելության օր ուներ։ Ասացի, որ գիտելիքներ ունեմ ու կարող եմ օգտակար լինել բանակին։ Խաչատուրովը հրետանավոր է, նա ինձ մի հարց տվեց, իսկ ես այնպես խորացա, որ նա ասաց՝ հերիք է։ Հաջորդ օրը ես ընդունվեցի աշխատանքի։ Ինձ պաշտոնապես ուզում էին ընդունել ԳՇ-ում, բայց չէին կարող, դրա համար մի զորամասում որպես վարորդ ձևակերպեցին, որ աշխատավարձ ստանամ»,- մանրամասնեց Համբարձումյանը։ 2014-ին նա այս աշխատանքից դուրս է եկել։ Վստահեցրեց, որ իր որոշումն էր, այլ մեկնաբանություն չուներ։

Ի դեպ, ՊՆ-ից մեզ տեղեկացրցին, որ Համբարձումյանը նաև զինվորական ծառայությունից է ազատվել, վերջինս էլ նշեց, թե առողջական խնդիրն է եղել պատճառը։

Փաստ է, որ ավելի քան հինգ տարի Վան Համբարձումյանի կենսագրության այս դրվագները որևէ կերպ չեն փորձել ճշտել նրան հարցազրույցի հրավիրող ու պարբերաբար հանրային հարթակներ տրամադրող լրատվամիջոցները։

Ներկայում գրեթե ամեն շաբաթ Վան Համբարձումյանը գուժում է նոր ռազմական էսկալացիայի մասին և խոսում հանրության համար գերզգայուն թեմաներով։

Համբարձումյանի ամենատարածված գրառումը կուտակումների մասին տվյալներն են։ «Հրատապ» ու «շատ կարևոր» խորագրերի ներքո նա պարբերաբար հայտարարում է, թե ադրբեջանական զինված ուժերը կուտակվել են Հայաստանի սահմանի ողջ երկայնքով։ Նա մեկ առ մեկ թվարկում է նաև հայկական բոլոր այն համայնքները, որոնց շուրջ, իր համոզմամբ, կուտակումներ կան։

Վան Համբարձումյանը CivilNetCheck-ի հետ զրույցում պարզաբանեց, որ նման եզրահանգումներ արել է բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում։

«Երբ դու ծանոթ ես քո հակառակորդին, միայն բաց դաշտում գտնելով ինֆորմացիան, համադրելով ու վերլուծելով, շատ բան դառնում է պարզ։ Ամենատարբեր տեղերից է ինֆորմացիան հավաքագրվում»,- կարծում է Վան Համբարձումյանը։

Մինչդեռ, բաց աղբյուրները չեն կարող փոխանցել կուտակումների ամբողջական պատկերը, առավել ևս, չեն կարող ցույց տալ հակառակորդի զինանոցի պարունակությունը։

Նրա կենսագրության համաձայն՝ նա նաև «բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է», մինչդեռ այդպիսիք մենք չգտանք, խնդրեցինք նրան երեքը տրամադրել, մեր խնդրանքն երրորդն օրն մնացել է անարձագանք։

Մեկնաբանել