Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել «Կովերի պարտեզ»-ում իրավիճակի վերաբերյալ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել նոյեմբերի 5-ին «Կովերի պարտեզ»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ «Կովերու պարտէզ» անունով յայտնի կալուածի վարձակալութիւնը չեղեալ նկատելու նամակէն յետոյ երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքած է կալուածի վրայ առկայ պարսպի եւ կայանատեղերու քանդումով, ասֆալտի հեռացումով եւ շատ աւելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով:

Երէկ երկրորդ կողմը նոյնիսկ զէնքով զինուած անվտանգութեան աշխատակիցներ եւ վարժեցրած շներ բերած էր կալուած՝ պահանջելով ազատել կալուածը հայկական ներկայութենէ։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամները եւ Հայ համայնքի անդամները հաւաքուած էին հոն՝ խաղաղ կերպով իրենց դժգոհութիւնը եւ անհամաձայնութիւնը յայտնելու եղած պահանջին:

Քանի մը ժամ յետոյ կողմերը պայմանաւորուեցան հեռանալ կալուածէն եւ ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքութիւնը չստանայ համաձայնագիրը չեղեալ նկատելու իր ղրկած նամակին պատասխանը»,- ասված է պարզաբանման մեջ։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու խնդիրը 2022-ին լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում և մեծապես լուսաբանվել է մամուլում այն բանից հետո, երբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ։ Նրանք պահանջել էին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։

Այս տարեսկզբին Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ նշանակվեց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Պարետ վարդապետ Երիցյանին, որի անունը կապվում է «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու աղմկահարույց հարցի հետ։ Վերջինս կարգալույծ հռչակվեց և հայտարարեց, որ համաձայն չէ որոշման հետ՝ շեշտելով, որ բոլոր գործողություններն իրականացրել է պատրիարքի իմացությամբ և հավանությամբ։

Երուսաղեմի հայկական համայնքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել գործարքի դեմ՝ պահանջելով չեղարկել այն։

Մոտ մեկ շաբաթ առաջ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացրել է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021-ի հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։

Մեկնաբանել