ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը․ Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։ Այդ մասին նոյեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Այն ամենից դուրս, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար՝ պետքարտուղար Բլինքենի համար։ Գերատեսչությունը կշարունակի զբաղվել այս հարցով»,- ասել է Պատելը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Վաշինգտոնը դեռևս տարբերա՞կ է բանակցությունների հաջորդ փուլի համար։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հերթական փուլը հետաձգվել էր ադրբեջանական կողմի խնդրանքով։ Մինչ օրս այդ հանդիպումը չի կայացել։

Մեկնաբանել