ՔՊ-ից ամենաքիչը հարստացել է Փաշինյանը․ վարչության անդամների հարստությունը՝ 2018-2023-ին

«Քաղաքացիական պայմանագիրն» ունի վարչության 15 անդամ, որոնք ընտրվեցին 2022-ի նոյեմբերին, ընդ որում՝ ճշտումներից հետո, քանի որ պարզվել էր՝ ընտրությունները կեղծվել են։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է վարչության անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են մի դեպքում 2018-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, մյուս դեպքում՝ 2023-ին և արտացոլում են 2022-ի տվյալները։

Նիկոլ Փաշինյան

Ամենաքիչը թերևս ՔՊ վարչության կազմից հարստացել է վարչապետ Փաշինյանը՝ 2018-ին նա ուներ 1800 դոլար գումար։ 2022-ի հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նա ունեցել է 800 դոլար ու 800 հազար դրամ կանխիկ գումար։ Բանկային հաշիվների մնացորդները չեն անցնում 200 հազար դրամը։ Փաշինյանը նաև հայտարարգրել է 3 մլն դրամի չափով բանկային ավանդ։

Ի տարբերություն գործընկերների՝ վարչապետ Փաշինյանն այդպես էլ եկամտահարկով բնակարան ձեռք չի բերել։

Տիգրան Ավինյան

Երևանի նորընծա քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը 2018-ին ունեցել է Խանջյանում մեկ ավտոտնակ, իսկ դրամական միջոցները կազմել են ավելի քան 4 մլն դրամ ու 2700 դոլար։ Վերջին ամենաթարմ հայտարարագիրը պարոն Ավինյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ըստ որի՝ 2023-ի օգոստոսի դրությամբ նա ուներ շուրջ 14 մլն դրամ, 3100 դոլար ու 2,5 բիթքոին, որն ի դեպ, անցնում է 25 մլն դրամը։ 2022-ին էլ պարոն Ավինյանը ապահովել է Խանջյանի իր ավտոտնակի համար մեքենան՝ նվիրատվություն ստանալով Վոլկսվագեն մակնիշի 2021-ի արտադրության էլեկտրական մեքենա։ Ավինյանի կինը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է սկսել բիզնես ոլորտում՝ 2021-ին 34 տոոկս բաժնեմաս է ձեռք բերել «Լավ Փրոդաքթս» ընկերությունում, իսկ 2023-ին հիմնադրել է «Օրոր թոյս» ընկերությունը, որի միակ բաժնետերն է հանդիսանում ներկայում։ Նախքան 2018-ի իշխանափոխությունը ու մինչև 2021-ը, սակայն, Ավինյանի կինը Մարիամ Պահլավունին բիզնես գործունեությամբ չէր զբաղվում, ոչ էլ նման բաժնեմասեր ուներ։

Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2018-ի հայտարարագրում նշել է, որ ավելի քան 4 մլն դրամ եկամուտ է ստացել տարբեր աղբյուրներից։ Նա ուներ 2,5 մլն դրամ ու 1000 դոլար, ինչպես նաև հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում և 2005-ի արտադրության Nissan teana:

2019-ին Պապիկյանը գնել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում, բացի այդ բնակարան «Բյուրեղ» թաղամասում։ Բանկային հաշիվների մնացորդները, ըստ 2022-ի հայտարարագրի կազմել են, 10 հազար եվրո, 17 Հազար դոլար ու 11 մլն դրամ։ Կանխիկ Պապիկյանն ունի 4,5 մլն դրամ, 21 հազար դոլար ու 10 հազար եվրո։ ՊՆ-ից Պապիկյանը մեկ տարում ստացել է 21 մլն դրամ եկամուտ։

Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն 2018-ին ուներ ընդամենը 490 հազար դրամ։ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա մի քանի ամիս զբաղեցնելով Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստացել էր ավելի քան 3 մլն դրամ եկամուտ, իսկ մինչ այդ էլ նախքան հեղափոխությունը ԵՊՀ-ից ստացել էր 1,5 մլն դրամ։ Հայտարարագրել էր նաև մեկ բնակարան Նժդեհի փղոցում։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը 2022-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գնել է հողամաս, բնակարան է ձեռք բերել նաև արդեն հայտնի «Բյուրեղ թաղամասում»։ Բանկային հաշիվների մնացորդներն էլ 2022-ի վերջին կազմել են շուրջ 7 մլն դրամ։ Եկամուտներն ևս ավելացել են, նախորդ տարի պարոն Հարությունյանը միայն վարչապետի աշխատակազմից ստացել է ավելի քան 22 մլն դրամ։

Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի նույն ժամանակահատվածը ստացել է եկամուտներ ԱԺ պատգամավորի աշխատավարձից՝ շուրջ 3 մլն դրամի չափով և «Մեդա Նյուզ» ՍՊԸ-ից՝ 800 հազար դրամ։ Նա հայտարարագրել է մեկ բնակարան Կենտրոնում և 2012-ի արտադրության «Range Rover Evoque» մեքենա։

2022-ի հայտարարագրում տեսնում ենք, որ նա բնակարան է ձեռք բերել նույն «Բյուրեղ թաղամասում», իսկ 2019-ին մեկ այլ բնակարան գնել է Կենտրոնում։ Բանկային հաշիվների մնացորդները նախորդ տարվա վերջին կազմել են մոտ մեկ միլիոն դրամ, կանխիկ ունի ավելի քան 24 մլն դրամ։ ԱԺ-ից Սիմոնյանը ստացել է ավելի քան 14 մլն դրամ եկամուտ։ Եկամուտ է ունեցել նաև վարձակալությունից՝ 7 մլն դրամ տարվա ընթացքում։

Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հեղափոխությունից հետո մի քանի տարի զբաղեցրեց Առողջապահության նախարարի պաշտոնը։ Մինչ այդ նա «ՄԻԲՍ» ԲԿ-ի տնօրենն էր, որից 2017-2018-ին՝ նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը ստացել է ավելի քան 12 մլն դրամ եկամուտ։ Նրա դրամական միջոցները 2018-ի վերջին կազմում էին ավելի քան 20 հազար դոլար, 21 հազար եվրո ու մոտ 1 մլն դրամ։ Հայտարարագրել էր նաև մեկ բնակարան Ջրվեժում ու «BMW» մակնիշի մեքենա։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ակտիվ անշարժ գույք է սկսել ձեռք բերել 2020-ին և հատկապես 2021-ին, մասնավորապես 2020-ին նա հողամաս է գնել Ծաղկաձորում, իսկ հաջորդ տարի երկուական հողամասեր է ձեռք բերել Արագածոտնի մարզի Փարպի համայնքում և Կոտայքի Քարաշամբում։

2022-ին Թորոսյանը օտարել է իր երկու հողամասերը՝ հորեղբոր որդուն՝ Արթուր Թորոսյանին։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 56 հազար եվրո, իսկ կանխիկ ունի 12 մլն դրամ։

«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն 2022-ին երկու ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Առողջապահության նախարարության հետ՝ արժեքներն են եղել ավելի քան 66 մլն ու 93 մլն դրամ։

Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարար Գնել Սանոսյանը 2018-ին հայտարարագրել է մեկ առանձնատուն Գեղարքունիքի Ծակքար համայնքում ու երեք հողամաս, նա ուներ նաև «Mercedes-Benz» մակնիշի մեքենա։ Դրամական միջոցները կազմում էին մեկ միլիոն դրամ ու 350 հազար ռուբլի։

Ըստ վերջին հայտարարագրի՝ 2020-ին նախարարը հողամաս է ձեռք բերել Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքում, իսկ հաջորդ տարի՝ նույն համայնքում անհատական բնակելի տուն ու հողամաս։ 2022-ին նա իր անշարժ գույքերը նվիրատվության կարգով օտարել է եղբորը։ Սանոսյանը ևս հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, վարկի արժեքը՝ ավելի քան 45 մլն դրամ։ Նախարարը կանխիկ ունի 7,2 մլն դրամ ու 150 հազար ռուբլի, իսկ բանկային հաշիվների մնացորդները 2022-ի վերջին կազմել են մոտ 3 մլն դրամ։ Ուսման կամ այլ դասընթացների համար Սանոսյանը վճարել է ավելի քան 2 մլն դրամ։

Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2018-ին ունեցել է 400 հազար դրամ։ Նա եկամուտներ է ստացել ԱԳՆ-ից և «Սիմոնյան կրթական հիմնադրամից»։ Ռուբինյանը չի ունեցել ոչ շարժական, ոչ էլ արշարժ և թանկարժեք գույք։ 2022-ի վերջին նա հայտարարագրել է ավելի քան 17 մլ դրամ, ունի նաև անհատական բնակելի տուն Շենգավիթում։ Բացի այդ, Ռուբինյանը բնակարան է գնել «Կանաչ թաղ» ՍՊԸ-ից՝ 45 մլն դրամով և ավտոտնակ։ Եթե 2018-ին նրա եկամուտները չէին անցնում 2.5 մլն դրամը, 2022-ին արդեն դրանք հասնում են 14 մլն դրամի, ընդ որում՝ առույծի բաժինը ԱԺ-ից աշխատավարձն է՝ 11 մլն դրամից ավելի։

Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանը նախքան 2018-ի հեղափոխությունն էլ մեծահարուստ է եղել։ Օրինակ՝ նրա 2018-ի հայտարարագրում տեսնում ենք բնակելի տներ, հողամասեր, մեծ մասը Հրազդանում և Ծաղկաձորում։ Մեկ բնակելի տուն ու հողամաս էլ նա ունի Երևանի Արշակունյաց պողոտայում։ Նրա եկամուտները ձևավորվել են ԱԺ պատգամավորի եկամուտներից։

Ներկայում նա պետական համակարգում չի աշխատում, զբաղեցնում է Երկրապահ կամավորականների միության ղեկավարի պաշտոնը։

Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախքան հեղափոխությունն ուներ երկու բնակարան Կոտայքի մարզում ու հողամաս, ինչպես նաև 450 հազար դրամ։ 2019-ին նա բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում, 2022-ի վերջին բանկային հաշիվների մնացորդները կազմել են ավելի քան 8 մլն դրամ, կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ։

Արփինե Դավոյան

ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը 2018-ի հեղափոխությունից առաջ ԱԺ «Ելք» խմբակցության գործավարն էր, հեղափոխությունից հետո նա դարձավ վարչապետի օգնական։ 2017-2018-ի ընթացքում նա եկամուտներ էր ստացել ԱԺ-ից՝ մոտ 800 հազար դրամի չափով, ՀՀ կառավարությունից՝ 4 մլն դրամ և Համալսարանականների համատիրությունից՝ 60 հազար դրամ։ Դրամական միջոցները 2018-ի վերջին կազմում էին 2,5 մլն դրամ։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Դավոյանը 2021-ին ձեռք է բերել «Hyundai» մակնիշի ավտոմեքենա 2011-ի արտադրության, ինչպես նաև վերջին տարիներին հիպոտեկով բնակարան է գնել։

Վահագն Ալեքսանյան

«Նաչո ապարտ հոթելի» մենեջեր Վահագն Ալեքսանյանը, որը ներկայում ՔՊ վարչության անդամ է և ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, այդ նույն հյուրանոցից 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի նույն ժամանակահատվածը ստացել է 450 հազար դրամ, ինչպես նաև 210 հորդանանյան դինար՝ Հորդանանի պետական համալսարանից։ Նրա դրամական միջոցները հեղափոխությունից ամիսներ անց կազմել են 500 հազար դրամ։ Չի ունեցել ոչ տուն, ոչ էլ մեքենա։

2022-ի հայտարարագրի համաձայն՝ Ալեքսանյանի եկամուտները աճել են՝ ԱԺ-ի աշխատավարձից՝ շուրջ 8 մլն դրամ, իսկ կանխիկ նա ունի 5,4 մլն դրամ, ևս 630 հազար դրամ էլ բանկային հաշիվների մնացորդներն են (բացառությամբ ավանդները)։ 2019-ին էլ նա գնել է 2011-ի արտադրության «KIA»:

Գևորգ Պապոյան

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարագրել էր 1,2 մլն դրամ ու 7 500 դոլար։ Նա շուրջ 3 մլն դրամ եկամուտ ուներ, մեկ մեքենա և բնակարան Երևանի Մանանդյան փողոցում։

2022-ին նա 21 մլն դրամ վարկով բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքերից մեկում։ Բանկում ունի 11 հազար դոլարի ավանդ, իսկ կանխիկ ավելի քան 2 մլն դրամ։ Պապոյանը ԱԺ-ից մեկ տարում ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ։

Վաղարշակ Հակոբյան

ՔՊ-ի վարչության երիտասարդ անդամներից Վաղարշ Հակոբյանը 2018-ի վերջին ունցել է 4 մլն դրամ ու 5 000 դոլար։

2020-ին նա գնել է բնակարն Արաբկիր վարչական շրջանում, իսկ 2022-ի վերջին, ըստ այդ տարվա հայտարարագրի, պատգամավորի՝ բանկային հաշիվների մնացորդները կազմել են մոտ 1 մլն դրամ, կանխիկը՝ 11 մլն դրամ։

Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Փամբուխչյանը 2018-ին հայտարարագրել էր 1,6 մլն դրամ, ունի նաև բնակարան Էրեբունիում։

Ըստ վերջին հայտարարագրի՝ 2022-ին նա նոր բնակարան է գնել, կրկին նույն վարչական շրջանում։ Փամբուխչյանը ունի նաև կրիպտոարժույթ՝ Fasttoken, որի արժեքը կազմել է 12 հազար դոլար։ Կանխիկ նա հայտարարագրել է 7,3 մլն դրամ ու 7,8 հազար դոլար։

Մեկնաբանել