«Միջանցք», Լեռնային Ղարաբաղ, 3+3․ զրույց Իրանի դեսպանի հետ

ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանը զրուցել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Հարցազրույցը՝ ստորև։

Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Իրան հարաբերությունների ներկայիս փուլը։

Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները դարավոր են և շատ խորը: Մենք Խորհրդային Միության փլուզումից հետո և Հայաստանի անկախության սկզբից շատ լավ հարաբերություններ հաստատեցինք Հայաստանի հետ և կարողացանք բոլոր ոլորտներում՝ այդ թվում քաղաքական, անվտանգային, տնտեսական, մշակութային և գիտական ու կրթական ոլորտներում Հայաստանի հետ բազմակողմանի և շատ կայուն հարաբերություններ հաստատել:

Բարեբախտաբար, հարաբերությունների հաստատումից ի վեր դրանք զարգացում են ապրել: Ասում են՝ դիվանագիտությունը նման է ծառի, որն աճեցնում ես և շարունակ պետք է խնամես, որ ուժեղ ծառ դառնա:

Մոտ երեսուն տարի առաջ, երբ հարաբերությունները հաստատեցինք, իրականում մի ծառ տնկեցինք, խնամեցինք, էտեցինք, ջրեցինք և պաշտպանեցինք քամիներից ու փոթորիկներից: Հիմա, բարեբախտաբար, կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները այդ ծառի նման են, և ոչ մի քամի ու փոթորիկ չի կարողանում այդ ծառը կոտրել ու ոչնչացնել:

Մենք, չնայած Հայաստանի հետ ունենք ամենափոքր սահմանը, բայց այն լավագույն սահմանն է: Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիք չենք ունեցել և Հայաստանն էլ երբեք Իրանի կողմից սպառնալիք չի զգացել: Մեր սահմանը բարեկամության և փոխշահավետության սահման է:

Հայաստանի համար այն եղել է Իրանի, Պարսից ծոցի և հարավային երկրների հետ հաղորդակցվելու և դեպի Հնդկաստան ու ազատ ծով դուրս գալու սահման: Իրանի համար էլ Հայաստանը դեպի հյուսիս՝ Վրաստան, Սև ծով և հյուսիսային ճանապարհի երկարությամբ գտնվող երկրներ դուրս գալու ուղի է: Քաղաքական ոլորտում մենք մշտապես կարողացել ենք աջակցել միմյանց: Երկու երկրները տարբեր միջազգային հարթակներում մշտապես աջակցել են միմյանց:

Տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները շատ մոտ են եղել և երկու երկրների միջև քաղաքական ոլորտում փոխվստահություն է եղել: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումները միշտ լավագույն մակարդակում են եղել և երկու երկրների արտգործնախարարությունների միջև նույն կերպ գոյություն ունեն կառուցողական և շատ լավ հարաբերություններ:

Առևտրական ոլորտում մենք շատ լավ զարգացման դինամիկա ունենք և նոխորդ տարիների ընթացքում այդ աճի միտումը պահպանվել է:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ նոխորդ տարի մեր առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է կազմել և հուսով ենք, որ այս տարի այդ թիվը մոտ մեկ միլիարդի կհասնի: Հայաստանի հետ հարաբերություններում սա շատ լավ ռեկորդ է:

Հայաստանը շատ մեծ բնակչություն չունի և փոքր երկիր է, սակայն լավ հարթակ է Եվրասիական միության 200 միլիոնանոց շուկայի հետ հարաբերվելու տեսանկյունից և կարող է դեպի այդ երկրներ առևտրի ուղի բացել: Դուք գիտեք, որ մենք տնտեսական ոլորտում շատ լավ համագործակցություն ունենք:

Երկու երկրների միջև առկա է գազի գիծ և մենք երկու ամիս առաջ երկարաձգեցինք գազ-էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը: Դա երկու երկրների հարաբերություններում մեծ և ռազմավարական քայլ էր:

Այդ պայմանագրի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը գազի դիմաց, եռապատկել կամ նույնիսկ քառապատկել այն: Շատ լավ ծրագրեր ունենք Հայաստանի հետ: Ունենք երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որը, հուսով եմ, առաջիկա ամիսների ընթացքում ավարտին կհասցվի:

Վերջերս Հայաստանի հետ տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր ռազմավարական փաստաթուղթ ստորագրեցինք, որը մոտավորապես 212 միլիոն դոլարի պայմանագիր է:

Ունենք նաև Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի նախագիծը, որը նույնպես ռազմավարական կարևորության է և ամենամեծ նախագիծն է, որը կնքվել է Հայաստանի կառավարության և իրանական ընկերությունների միջև:

Մենք միշտ խրախուսել ենք ուրիշ իրանական ընկերություններին, որ գան Հայաստան և օգտվեն Հայաստանում աշխատանքի լավ հնարավորություններից, այստեղ արտադրեն և արտահանեն ուրիշ երկրներ:

Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր առևտրային և տնտեսական կապերը զարգացման լավ դինամիկա ունեն, և մենք վճռականորեն շարունակելու ենք այդ ուղին:

Մշակութային ոլորտում նույնպես շատ շփումներ ունենք և այն, որ դուք հիմա պարսկերեն եք խոսում, ցույց է տալիս, որ թե որքան մոտ ենք միմյանց մշակութային առումով: Մենք ունենք ընդհանուր պատմություն, մշակույթ:

Իրանում շատ հայեր ունենք, որոնք ապրում են խաղաղ համակեցության պայմաններում: Սա իր հերթին զարգացրել է մեր կապերը: Մենք պատմության ընթացքում հայերի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Պարսկերեն լեզվի և գիտական ու կրթական ոլորտներում շատ լավ համագործակցության ենք ականատես:

Բազմաթիվ ուսանողներ Իրանից սովորում են Հայաստանում, և սա երկու երկրների համար լավ հասրարակական կապիտալ է համարվում: Նրանք Հայաստան գալով՝ ծանոթանում են ձեր մշակույթին և ավանդույթներին և երբ վերադառնում են, մշակութային առոմով շատ լավ կապող օղակներ են դառնում: Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները դարավոր և կայուն են եղել, տարիների ընթացքում զարգացում են ապրել, և դրսի ճնշումները և թունավոր քամիները չեն կարողացել ուղեգծից շեղել դրանք:

Հայտնի է, որ իրավիճակը մեր տարածաշրջանում ցավոք փխրուն է։ Մեր հարևանները անընդհատ խոսում են Հայաստանի Սյունիքով անցնող ճանապարհի մասին, որը նրանք «միջանցք» են անվանում, այնինչ հայտնի է, և մենք բոլորս գիտենք, որ Հայաստանից բացի այն երկիրը, որն այդ ծրագրին դեմ է, Իրանի Իսլամական Հանրապետությունն է, քանզի Իրանն այն իր կարմիր գիծն է համարում։ Արդյոք Իրանի համար սա այն սկզբունքային հա՞րցն է, որի հարցում Թեհրանը հետքայլ չի կատարի։

Այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտարարվել է այնպիսի մակարդակում, որ ոչ ոք չի կարող փոխել այն: Դա սովորական անձի կամ միջին օղակի անձի դիրքորոշում չէ: Դա մեր հեղափոխության գերագույն գլխավոր առաջնորդի դիրքորոշումն է, որը շատ հստակ հայտարարել է, որ մենք չեն ընդունում և չենք հանդուրժում որևէ սահմանային կամ աշխարհաքաղաքական փոփոխություն: Այդ հստակ և պարզ դիրքորոշման մեջ թաքնված իմաստը այն է, որ մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակից ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի միջազգային սահմանները:

Ձեր նշած միջանցքի մասին պիտի նշեմ, որ միջազգային գրականության մեջ այն նշանակում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն քննարկվում է Հայաստանի կոնտեքստում, հատուկ իրավական իմաստ է ստանում, և նրանք, ովքեր կրկնում են այդ բառը, հատուկ իմաստով են այն օգտագործում և իրենց հայտարարություններում թաքնված մտքեր ունեն:

Մենք հաղորդակցության ուղիներին դեմ չենք: Բնական է, որ դուք չեք կարող ձեր հարևանների հետ հավերժ պատերազմի մեջ լինել: Դուք չեք կարող ձեր հարևանների հետ հավերժ խզված հարաբերություններ ունենալ: Ամեն դեպքում, մի օր այդ հարաբերությունները կվերականգնվեն: Ամեն դեպքում մի օր խաղաղություն է հաստատվելու և երբ խաղաղություն հաստատվի, բնականաբար հարաբերություններ կլինեն և բնականաբար սահմանները կբացվեն, և ճանապարհային, երկաթուղային հարաբերություններ և եթևեկություն կլինի:

Ոչ ոք չի կարող չհամաձայնել դրան: Ոչ ոք չի կարող ասել, թե դուք ինչու եք հարաբերվում ձեր հարևանների հետ: Բայց մենք դեմ ենք այն հաղորդակցություններին և ուղիներն, որոնք դուրս են Հայաստանի ինքնիշխանությունից և հարցականի տակ են դնում Հայաստանի անկախությունը ու իրավազորությունը։ Սա այն է, ինչ չի կարող ընդունել ոչ ոք: Դու չես կարող տարածքային ամբողջականություն և ինքնիշխանություն ունեցող անկախ երկրին ասել, որ նա չպետք է իր տարածքում իրացնի իր ինքնիշխանությունը և մի ուրիշը պիտի գա և վերահսկի այդ տարածքը: Մենք այդ հարցին ենք դեմ: Մեր տեսանկյունից՝ այն ուղին, որը Հայաստանի վերահսկողությունից և ինքնիշխանությունից դուրս է, անընդունելի է:

Սա մտածողություն է, որը ենթադրում է աշխարհաքաղաքական փոփոխություններ, մտածողություն, որը ենթադրում է գերիշխանություն: Մենք իրականում դեմ ենք այդ գերիշխանությանը:

Այն երկրները, որոնք տարիներ շարունակ պայքարել են իրենց տարածքի նկատմամբ գերիշխելուդեմ, չպիտի մտածեն ուրիշ երկրի տարածքի վրա գերիշխելու մասին:

Ներկայում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ադրբեջանը նոր ճանապարհի վրա են աշխատում, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանին՝ Իրանի տարածքով։ Այս թեմայի շուրջ Հայաստանում քննարկումներ կան, քանի որ Ադրբեջանն այդ նոր երթուղին անվանում է այլընտրանք Սյունիքով անցնելիք ճանապարհին։ Կխնդրեի մանրամասնեք, թե ի՞նչ ասել է այդ ճանապարհը և ի՞նչ նշանակություն ունի այն տարածաշրջանի և Իրանի համար։

Տեսեք՝ սա ընդհանրապես նոր բան չէ և դուք չպիտի այդ հարցի շուրջ ձևավորված հոգեբանական ճնշման գերի դառնաք:

Հնարավոր է՝ ինչ-որ հատուկ նպատակ է տաքնված այդ հոգեբանական քարոզչության հետևում: Նախկինում Ադրբեջանի բեռնատարները Նախիջևանի հետ հաղորդակցվելու համար մուտք էին գործում Իրանի տարածք և այդ բեռնատարներից շատերը վառելիք էին տեղափոխում, գալիս և վնասում էին ճանապարհները և ճանապարհն էլ լավը չէր ու շատ երկար էր և, որպեսզի ճանապարհը նրանց համար ավելի կարճ լինի, և մեր ճանապարհները ավելի քիչ վնասվեն, ճանապարհի ուղղությունը մի քիչ փոխեցին, որ բեռնատարները ավելի հեշտ կարողանային երթևեկել: Սա է, ուրիշ ոչինչ, և սա այլ ճանապարհի փոխարինող չէ, ես կարծում եմ, որ դուք չպիտի այդ հարցում հոգեբանական ճնշման գերի դառնաք:

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծապես հետաքրքրված է 3+3 ձևաչափով։ Վերջերս այդ ձևաչափի վերջին հանդիպումը Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվեց, ընդ որում՝ շուրջ երկու տարի հետո, ինչ տեղի էր ունեցել այդ ձևաչափի առաջին հանդիպումը Մոսկվայում։ Ըստ Ձեզ, այս հարթակը ինչ հեռանակար ունի և կարո՞ղ է իսկապես նպաստել տարածաշրջանի կայունությանը։

Մենք նախապատվություն չենք տալիս այս կամ այն ձևաչափին: Մենք հատկապես շահագրռգված ենք խաղաղության հաստատմամբ: Մեզ համար նպատակն է կարևոր, այն իմաստով, որ խաղաղություն հաստատվի և երկրները հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ռազմական լուծումներ չփնտրեն, խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման և բարօրության մթնոլորտ ձևավորվի:

3+3 ձևաչափն էլ այն ուղիներից մեկն է, որը կարող տանել դեպի խաղաղություն: Դա լուծումներից մեկն է, որ կարող է հանդարտեցնել իրավիճակը և երկրները համախմբել միմյանց շուրջ: Այդ ձևաչափը կարևոր մի քանի պատճառներով։ Նախ առաջին անգամ էր, որ նախարարների մակարդակով Թեհրանում այդ ձևաչափով նիստ կազմակերպվեց։ Սա ցույց է տալիս, որ Իրանը կարող է տարածաշրջանում դիվանագիտության կենտրոն դառնալ և իր հետ խաղաղություն, անվտանգություն և կայունություն բերել տարածաշրջան։

Իրանը այդ ձևաչափով ցանկանում էր ցույց տալ, որ միտված է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելուն։ Ուրեմն սա շատ կարևոր էր, քանի որ առաջին անգամ դա տեղի ունեցավ Մոսկվայում արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։

Փաստը, որ քեզ հաջողվում է միջազգային նիստ կազմակերպել և համակարգել, որ մի քանի արտգործնախարարներ ծրագրերն, գան, ներկա գտնվեն և հասնեն փոխըմբռնման և ընդունեն համատեղ հայտարարություն, նշանակում է, որ հասել են փոխըմբռնման, որ պիտի նստեն և երկխոսեն: Երկխոսությունը ամենակարևոր միջոցներից մեկն է, որով մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղություն:

Ձևաչափի հաջորդ պատգամն այն էր, որ տարածաշրջանային հարցերը պետք է տարածաշրջանում լուծվեն, քանի որ տարածաշրջանի խնդիրների հետևանքները կրում են այդ տարածաշրծանի երկրները: Տարածաշրջանից հեռու գտնվող երկրները և այն երկրները, որոնք գտնվում են օվկիանոսներից այն կողմ, չեն տուժի, եթե պատերազմ լինի: Փախստականների կամ գաղթականների հոսքը չի գնում այդ երկրներ, և նրանք խնդիրների և զոհերի խնդրի հետ չեն բախվելու և հենց տարածաշրջանի երկրներն են տուժում: Հետևաբար տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները:

Ենթադրենք կա մի հարց, որը վերաբերում է ինձ ու ձեզ: Մենք կարող ենք լուծել այդ խնդիրը: Եթե հեռվից ուրիշ մարդ գա, որը ծանոթ չէ իմ և ձեր շահերին կամ վնասներին, ոչ շահում և ոչ էլ տուժում է, նա չի կարող լավ միջնորդ լինել: Հետևաբար 3+3 ձևաչափը ասում է, որ տարածաշրջանի խնդիրները պիտի տարածաշրջանի ներսում լուծվեն:

Տարբեր ձևաչափեր կարող են գոյություն ունենալ: Երեսուն տարի այդ ձևաչափերը փորձարկվել են, բայց դրանցից ոչ մեկը արդյունք չի տվել և պատճառն էլ այն է եղել, որ անտեսվել են տարածաշրջանի երկրները:

Երբ խնդիրների լուծման համար անտեսվում են տարածաշրջանի երկրները, նշանակում է, որ անտեսվել է տարաձայնությունների լուծման իրողությունը: Սա շատ կարևոր հարց է, և հետևաբար 3+3 ձևաչափը տարաձայնությունների լուծման համար փոխըմբռնման հասնելու իրական ձևաչափ է: Մենք առանց փոխըմբռնման հասնելու չենք կարող անցնել ընհանուր ճանապարհ:

Հաջորդ հարցս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Ո՞րն է Իրանի պաշտոնական դիրքորոշումը Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցում։

Տեսեք՝ Ղարաբաղի մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը նախապես հայտարարվել է՝ մենք միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան ճանաչում ենք և Հայաստանի, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց սա չի նշանակում, որ պիտի խախտվեն այն մարդկանց իրավունքները, որոնք այնտեղ են:

Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժովովրդից յուրաքանչուրի իրավունքները պետք է ապահովվեն: Նրանք պետք է իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն ունենան: Սա իրականություն է, որը ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը չի կարող անտեսել:

Երբ ծագեց Ղարաբաղի ճգնաժամը, և փախստականները Ղարաբաղից եկան Հայաստանի տարածք, փախստականների մի խումբ Կապանում էր: Ես գնացի և հանդիպեցի նրանց հետ: Ես նրանց հարցրեցի, թե ինչու են լքել տարածքը, և նրանք պատասխանեցին, որ իրենց կյանքին վտանգ էր սպառնում:

Երկիրը, որն ուրիշներին համարում է իր քաղաքացիներ, պիտի այնպիսի պայմաններ ապահովի, որ այդ մարդիկ և այդ քաղաքացիները իրենց ապահով զգան և իրենց տարածքը կամ հողը կամ տները չլքեն: Նրանք պահանջում էին, որ միջազգային կառույցները օգնեն, որ նրանք վերադառնան իրենց տները, և նրանց իրավունքները պետք է ապահովվեն և մենք Ղարաբաղի բնակիչների օրինական և լեգիտիմ իրավունքների ապահովման կոմնակից ենք:

Խոսենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական հարաբերություններից։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում, ի՞նչ անելիքներ կան ներուժի տեսանկյունից՝ դիցուք Սյունիքի մարզում կամ Հայաստանում իրանական ներդրումային ծրագրերի մասով։ Ընդհանուր իրավիճակն ինչպիսի՞ն է։

Իրանն ու Հայաստանը շատ մեծ պոտենցիալ ունեն: Հայաստանը զարգացող երկիր է: Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ու դերը ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման և բարգավաճման գործում: Դեր ասելով՝ նկատի ունեմ օգնել:

Մեր առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է և այս տարի մոտ մեկ միլիարդի է հասնելու: Սա նշանակում է, որ մենք բացահայտել ենք նոր հնարավորությունները, պիտի շարժվենք դեպի նոր հնարավորություններ և կարողաղանք դրանք օգտագործել:

Երկու երկրների պաշտոնյաները նպատակ են դրել առևտրաշրջանառության ծավալը երեք միլիարդի հասցնել: Տեսեք՝ դուք այս բաժակի մեջ չեք կարող մի ջրամանի չափ ջուր լցնել, քանի որ դրա տարողությունը այսքան է: Առևտրաշրջանառության ծավալը երեք միլիարդի հասցնելու համար պետք է այդ առևտրի համար ենթակառուցվածքներ ստեղծենք: Որպես առաջին ենթակառուցածք մենք պետք է հաշվի առնենք, որ այն կամուրջը, որ ներկա պահին կա Հայաստանի և Իրանի միջև, բավարար չէ և ունի սահմանափակ թողունակություն:

Երբ շատանում են բեռնատարները և առևտուրն ու տրանսպորտը զարգանում է, մեծ թողունակության խնդիր է առաջանում: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի այցի ընթացքում մենք որոշեցինք Մեղրիում՝ Իրանի և Հայաստանի սահմանին, Արաքսի վրա նոր կամուրջ կառուցել: Սա նպաստելու է թողունակության դյուրացմանը:

Հաջորդ քայլը վերաբերում է երկու երկրների մաքսակետերին: Երկու երկրների մաքսակետերը պետք է զարգանան, արդիականացվեն, պետք է ներդնել էլեկտրոնային համակարգ։ Հաջորդ քայլը վերաբերում է ճանապարհներին: Այն ճանապարհը, որը տանում է հարավ՝ դեպի Իրան, շատ կարևոր ճանապարհ է, և դեպի հարավ ձեր միակ ճանապարհն է համարվում: Այն կարելի է համարել ձեր շնչելու ուղին այն պարագայում, երբ դուք բոլոր կողմերից ճնշման տակ լինեք:

Ես այդ ճանապարհով գնացել եմ: Դա լավ ճանապարհ չէ, բայց ուրիշ ճար չկա, քանի որ բացի դրանից ուրիշ ճանապարհ չկա: Մենք ձեռնամուխ ենք եղել Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցմանը և հետո Քաջարանի թունելն ու Քաջարան-Սիսիան ճանապարհն են կառուցվելու:

Դրանք պետք է վերանորոգվեն և կառուցվեն, հիմքերը պետք է պատրաստվեն: Երբ դա տեղի ունենա, երթևեկության ծավալը կավելանա և հյուսիս-հարավ կապը կստեղծվի: Դուք գտնվում եք հյուսիս-հարավ միջանցքի երկայնքով, այն միջանցքը, որի մասին խոսում ենք, տարբերվում է ձեր ասած միջանցքից։ Սա միջազգային տրանսպորտային միջանցք է: Հիմա իրական կերպով հյուսիս-հարավ միջանցքը սկսվել է հարավից: Հուսիսային մասը արդեն կա և հարավային մասն էլ պիտի պատրաստվի: Երբ այն կառուցվի, առևտրի ծավալը կավելանա և իր հերթին կխթանի աշխատանքն ու զբաղվածությունը:

Երբ խթանվում է աշխատանքը, ստեղծվում է հարստություն: Երբ ստեղծվում է հարստություն, ստեղծվում է ուժ և այսպես շղթայական շարունակվելով՝ կնպաստի երկու երկրների տնտեսության խթանմանը:

Տնտեսական ոլորտում մենք շատ հնարավորություններ ունենք: Շատ իրանական ընկերություններ կկարողանան գալ այստեղ և մենք կկարողանանք տարբեր ոլորտներում Հայաստանի կարիքները հոգալ:

Իրանական ընկերությունները տեխնիկական և ինժեներական առումով շատ մեծ պոտենցիալ ունեն և շատ են արդիականացվել: Հենց հիմա Իրանում 400 կիլոմետրանոց թունել է կառուցվում և սա ցուց է տալիս մեր պոտենցիալը: Իրանական ընկերությունները պոտենցիալի առումով մրցում են շատ միջազգային ընկերությունների հետ: Նույն ընկերությունը, որը հաղթել է Ագարակ-Քաջարան ճանապարհի մրցույթը, Թուրքմենստանում 700 միլիոն դոլար արժեքով մեծ նախագիծ է իրականացնում, Տաջիկստանում և ուրիշ երկրներում նույնիսկ Աֆրիկայում նախագծեր է իրականացնում: Դրանք շատ ուժեղ և լավ ընկերություններ են: Երբ խոսում էի այդ նախագծի տնօրենի հետ, հարցրեցի, թե որքան է տևելու ճանապարհի շինարարությունը, նա պատասխանեց՝ երեք տարում, և եթե պայմաններ լինեն (քանի որ իրանական ընկերությանը պետք է տարածքներ տրամադրվեն), այդ դեպքում կարելի մեկ ու կես տարում կառուցել: Այդ ընկերությունը որևէ գումար ստանալուց առաջ գնել է անհրաժեշտ մեքենաներն ու սարքավորումները և համալրել շինհրապարակը և աշխատանքները շատ արագ ընթանում են:

Տնտեսությունը շատ ոլորտներում՝ շինարարություն, բժշկական սարքավորումներ, դեղորայք, բնակարանաշինություն, թունելի կառուցում, ջուր և կոյուղի, մենք այդ բոլոր ոլորտներում մեծ պոտենցիալ ունենք և կկարողանանք միմյանց հետ շատ օգտակար և փոխշահավետ համագործակցություն ունենալ:

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Մեկնաբանել