Երևանը «շատ կարևոր է» համարում ԵՄ խաղաղության ֆոնդի միջոցով Հայաստանին օգնելու որոշումը

armenia eu flags

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «շատ կարևոր է» համարում Եվրոպական խաղաղության ֆոնդի միջոցով Հայաստանին օգնելու որոշումը։

«Խաղաղության ֆոնդը Եվրամիության գործիքներից մեկն է տարբեր երկրների պաշտպանողականությանը օգնելու և խաղաղության մեջ ներդրում ունենալու։ Այդտեղ ԵՄ-ն ունի ֆինանսական միջոցներ և ԵՄ անդամ երկրները, եթե, օրինակ, սպառազինության անհրաժեշտություն կա, որևէ երկիր պատրաստակամություն ունի տրամադրելու դա, ֆինանսները փոխանցում են տվյալ երկրին և այդ ռազմական տեխնիկան կամ ռազմական ծառայությունը մատուցում է այն երկրին, որին ուզում են օգնություն ցուցաբերել։ Հուսով եմ՝ Հայաստանը հնարավորություն կունենա հասնելու վերջնական որոշման, որովհետև սա շատ նախնական որոշում էր։ ԱԳ նախարարների կողմից կանաչ լույս տրվեց, որպեսզի գործընթացը շարունակվի։ Սա անվտանգային ոլորտում շատ կարևոր համագործակցության գործիք է»,- նոյեմբերի 14-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։

Նոյեմբերի 13-ին Բրյուսելում անցկացված ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ քննարկվելու է Եվրոպական խաղաղության ֆոնդի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը։ Նա նաև ասել էր, որ որոշում է կայացվել ընդլայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ դիտորդական առաքելության ընդլայնումը վերաբերում է և դիտորդների թվի ավելացմանը, և հավելյալ գործիքակազմ ունենալուն։

Մեկնաբանելով Բորելի այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա իրենց հարաբերություններում որակական փոփոխություններ կլինեն, Գրիգորյանը նշել է․ «Քանի որ Բրյուսելն է ասել և իր քաղաքականությանն է վերաբերում, թողնենք որ Բրյուսելը հայտարարի, թե ինչպիսի փոփոխություններ են լինելու»։

Ինչ վերաբերում է ֆրանսիական«Բաստիոն» զրահամեքենաների՝ Հայաստան մատակարարման մասին մամուլի հրապարակումներին, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ես որևէ բան չեմ կարող հերքել։ Հայտնի էր, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր, և ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում նաև ավելի լայն համագործակցությունն է Ֆրանսիայի հետ հենց անվտանգության ոլորտում»։

Մեկնաբանել