Ֆրանսիական Bastion-ների մասին՝ հերքելով տարածված կեղծիքները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության Bastion («Բաստիոն») զրահամեքենաներ։ Այս տեղեկությունները հաստատվեցին, երբ նոյեմբերի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Վրաստանի Փոթիի նավահանգստում զրահամեքենաների բեռնաթափման լուսանկարներ։

Լուսանակարում երևում են առնվազն 22 զրահամեքենաներ։ Գեոլոկացիան՝ 42.152387, 41.657610

Այս տեղեկությունը մեծ աղմուկ բարձրացրեց մեդիայում։ Լուրեր տարածվեցին, թե իբր Bastion-ները նախատեսված են Վրաստանի համար, հետո էլ, թե Ուկրաինան հրաժարվել է այս զրահամեքենաներից՝ դրանց վատ պաշտպանված լինելու պատճառով։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է զրահամեքենաների մասին հասանելի տեղեկությունները և ստուգել այս պնդումները։

Զրահամեքենաները մատակարարվել են հենց Հայաստանին

Տեղեկությունը, թե մատակարարված զրահամեքենաները իբր նախատեսված են Վրաստանի համար, տարածեցին կառավարության հետ կապված մի շարք հայկական տելեգրամյան ալիքներ։ Սակայն շուտով վրացական կողմը հաստատեց ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը Հայաստան, իսկ նոյեմբերի 15-ին տեղեկությունը հաստատեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կարծեմ՝ հրապարակային էլ էր հայտնի, որ Հայաստանի համագործակցության թեմաներից մեկը հենց այս «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Հայաստանն այդպիսի նպատակ է ունեցել, և ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով ահագին մեծ առաջընթաց ենք ունեցել»,- հայտնեց Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նկատենք, որ մինչ այս պաշտոնապես հայտարարվել էր միայն ֆրանսիական GM 200 ռադիոտեղորոշիչ երեք կայանների գնման և փոքր հեռահարության Mistral հրթիռների ձեռքբերման մտադրության մասին։

Bastion-ների «պաշտպանված չլինելու» թեզը

Զրահամեքենաների՝ Հայաստան տեղափոխման լուրը շուտով հայտնվեց ֆրանսիական հայտնի Ouest-France թերթում, որում նաև հիշատակվում էր, որ այս զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար։

Նշվում էր, թե ուկրաինական կողմը հրաժարվել է զրահամեքենաներից դրանց՝ իբր «հրետանու կրակից և հակատանկային հրթիռներից թույլ պաշտպանվածության» պատճառով։

Շուտով տեղեկությունը տարածվեց նախ ադրբեջանական, այնուհետև նաև՝ հայկական և ռուսական մեդիադաշտերում։ Տեղեկությունը տարածեցին news.am, sputnik.armenia, azatutyun.am, radar armenia, 5-րդ ալիք, lurer.com, mamul.am, auroranews.am, panorama.am, times.am և այլ լրատվամիջոցներ։

Չնայած ֆրանսիական թերթի ունեցած հեղինակությանը՝ պնդումը, թե Ուկրաինան հրաժարվել է զրահամեքենաներից դրանց թույլ պաշտպանվածության պատճառով, այնուամենայնիվ, չունի լուրջ հիմնավորում և մոլորեցնող է։

Ֆրանսիայի կողմից Ուկրաինային շուրջ 20 Bastion զրահամեքենաների փոխանցման մասին սկսեց խոսվել 2022-ի հոկտեմբերին։ Արդեն 2023-ի հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում շնորհակալություն էր հայտնել Ֆրանսիայի նախագահին Bastion զրահամեքենաների փոխանցման որոշման համար։

2023-ի ապրիլին հայտնի դարձավ, որ 24 միավոր Bastion զրահամեքենաների տրամադրման բանակցությունները դեռ շարունակվում են։ Մինչ օրս Ուկրաինային Bastion-ների փոխանցման մասին տեղեկություններ առկա չեն, իսկ ուկրաինական կողմը Հայաստանին այս զրահամեքենաների մատակարարմանը չի արձագանքել։

Bastion-ն ունի՛ բավարար պաշտպանվածություն

Bastion-ը ֆրանսիական Arquus ձեռնարկության դուստր Acmat ընկերության արտադրության բազմաֆունկցիոնալ զրահամեքենա է, որը դասակարգվում է նաև որպես զրահափոխադրիչ։ Այն ունի մի քանի տարբերակներ (մոդիֆիկացիաներ)՝ Bastion APC, PATSAS և FORTRESS MK2: Վերջինս Bastion APC-ի առավել զրահապատ տարբերակն է, իսկ PATSAS-ը՝ թեթև։

Հրապարակված լուսանկարներում հստակ երևում է, որ Հայաստանը ստացել է Bastion APC տարբերակը, որը կարող է տեղափոխել մինչև 10 զինվոր։ Զրահամեքենայի վրա կարող են տեղադրվել մի քանի 7,62 և 12,7 մմ գնդացիրներ, ինչպես նաև նռնականետեր։

Bastion APC-ն ունի ՆԱՏՕ-ի STANAG 4569 չափորոշիչներին համապատասխան 3-րդ կարգի պաշտպանություն, որն ապահովում է մի շարք սպառնալիքներից, այդ թվում՝ մինչև 7,62 տրամաչափի գնդացիրների կրակից, մինչև 8 կգ ինքնաշեն պայթուցիկ սարքերից և ականներից, ինչպես նաև 60 մետրի վրա 155 մմ տրամաչափով հրետանային արկերի բեկորներից։ Այն նաև համալրված է վառելիքի արտահոսքի կանխման և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով։

Պնդումը, թե նման դասի մեքենան ունի թույլ պաշտպանություն հակատանկային հրթիռներից կամ հրետանային կրակից, մոլորեցնող է, քանի որ զրահամեքենաները նախատեսված չեն և չեն էլ կարող ունենալ նման պաշտպանություն։ Նույնիսկ առավել բարձր պաշտպանության կարգ ունեցող զրահափոխադրիչները և շատ անգամ տանկերը ունակ չեն պաշտպանվել հակատանկային հրթիռներից և խոշոր տրամաչափի հրետանային արկերից։

Bastion զրահամեքենաները առկա են շուրջ երկու տասնյակ աֆրիկյան և արաբական երկրների զինանոցում, ինչպես նաև կիրառվել են ՄԱԿ-ի առաքելություններում։ Bastion-ները մասնակցել են մի շարք մարտական գործողությունների և բախումների։

Նշենք, որ շրջանառվում են տեղեկություններ Հայաստանի կողմից Arquus ընկերության արտադրության VAB Mk III ծանր զրահափոխադրիչի և թեթև Sherpa Light զրահամեքենայի ձեռքբերման մասին, սակայն որևէ փաստեր դեռևս առկա չեն։

Մեկնաբանել