ԱՄՆ-ը խոստանում է «շատ հուժկու» պատասխանել, եթե Ադրբեջանը փորձի «տարանցիկ միջանցքը» ուժով  բացել

Մարկ Դովիչ

«Հարցը Ալիևն է»․ այսպես է պատասխանել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու հեռանկարների մասին հարցին։

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ՝ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը մի քանի անգամ նշել է, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում, որպեսզի Երևանն ու Բաքուն «շաբաթների կամ մի մի քանի ամսվա ընթացքում» ստորագրեն կարգավորման համաձայնագիրը, որքան էլ թերահավատություն կա խաղաղ գործընթացին Ադրբեջանի հավատարմության հանդեպ։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կարծես պատրաստ է օգտվել խաղաղության հնարավորություններից», – ասել է Օ’Բրայենը Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչներին։ «Իրականում հարցն այն է, թե արդյոք (Ադրբեջանի) նախագահ (Իլհամ) Ալիևն է պատրաստ դա անել: Եվ նա ասել է՝ այո: Ուրեմն հիմա է պահը»։

Քանի դեռ Ադրբեջանը ցույց չի տվել, որ բարեխղճորեն է բանակցում, Վաշինգտոնն ու Բաքուն «սովորականի նման չեն կարող գործ ունենալ միմյանց հետ», հավելել է նա։

Օ’Բրայենը հաստատել է, որ Պետդեպարտամենտը մտադիր չէ Սպիտակ տուն հայց ներկայացնել՝ հրաժարվելու 907-րդ հոդվածից, որով սահմանափակվում է Ադրբեջանին ԱՄՆ կառավարության կողմից աջակցությունը: Գործնականում դա կարող է նշանակել Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող տարատեսակ աջակցության կրճատում:

Օ’Բրայենը լսումների ընթացքում նաև մի քանի անգամ նշել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ որպես խաղաղության համաձայնագրի մաս Ադրբեջանը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը՝ վերադառնալու իրենց տները բռնի տեղահանումից հետո:

Բացի այդ, նա տվել է ԱՄՆ պաշտոնյայի կողմից երբևէ ամենաուժեղ ազդանշանն առ այն, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ՝ տարածաշրջանում ուժ չկիրառելու իր կոչերն անտեսելու համար:

«Մենք դիտարկում ենք մեր ամբողջ գործիքակազմը։ Ես չեմ պատրաստվում նախադիտել որևէ պատժամիջոցային որոշում, բայց դա, անշուշտ, գործիք է մեր գործիքակազմում», – ասել է Օ’Բրայենը:

«Թույլ տվեք ուղղակի ավելացնել, – ընդհատել է Կալիֆորնիայից պատգամավոր Դարել Իսան: – Դուք չեք նախադիտում, բայց արդյոք պատրա՞ստ եք օգտագործել դրանք, եթե այլ մեթոդներ չաշխատեն»: Օ’Բրայենը, որը նախկինում Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգողն էր, մեկ բառով պատասխանել է․ «Այո»:

Շարունակելով՝ Օ’Բրայենը հայտնել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ միայն «Հայաստանի ներգրավմամբ և համաձայնությամբ» իր տարածքով Ադրբեջանը և Թուրքիան կապող «տարանցիկ միջանցքին»։

«Տարանցիկ միջանցքը, որը ստեղծվի այլ կերպ՝ ուժով կամ Իրանի ներգրավմամբ, կարժանանա ԱՄՆ-ի շատ հուժկու պատասխանին», – նախազգուշացրել է նա՝ չմանրամասնելով ասածը։

Անդրադառնալով Երևանի հետ Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններին՝ Օ’Բրայենն ասել է, որ ինքը «շատ տպավորված է բարեփոխումների նկատմամբ (Հայաստանի) կառավարության հանձնառությամբ» և խոստացել, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կշարունակեն աջակցել Հայաստանին։

Վաշինգտոնը և Բրյուսելը համատեղ աշխատում են Հայաստանին իրենց մոտեցնելու ուղղությամբ, բացահայտել է Օ’Բրայենը՝ ասելով, որ դա կարող է ներառել արտոնյալ առևտրային համաձայնագրեր կամ ավելի լավ մատչում դեպի ԵՄ միասնական շուկա։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ուշագրավ է, որ քննարկմանը չի հիշատակվել Ադրբեջանում պահվող տասնյակ ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ճակատագիրը։

Նոյեմբերի 15-ի՝ Արցախի վերաբերյալ Կոնգրեսի հարցուպատասխանն Օ’Բրայենի հետ առաջինն էր սեպտեմբերյան հարձակումից հետո։

Սեպտեմբերի սկզբին Սենատի լսումների ժամանակ պետքարտուղարի օգնականի այն ժամանակվա ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Քիմն ասել էր, որ Միացյալ Նահանգները «չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»:

Հինգ օր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել