Ադրբեջանը հրաժարվել Է Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպումից

Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Այդ մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքում ասվում է․

«Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Բաքուն նաև «անտեղի է համարում» ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Ադրբեջան։

«Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե ամերիկյան կողմը հետաձգել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների և շփումների անցկացումը, և այն հայտարարությանը, թե «մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող լինել նույնը», ցանկանում ենք նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի։ Նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի նաև Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում մենք անտեղի ենք համարում նաև ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների այցելության հնարավորությունը Ադրբեջան»,- նշվում է մեկնաբանության մեջ։

Մեկնաբանել