Անկլավները չեն մտնում ՀՀ-ի 29 800 կիլոմետրի մեջ. Նիկոլ Փաշինյան

Երբ ասում ենք Հայաստանը 29 800 կիլոմետր է, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին. նոյեմբերի 24-ին քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխարենը, ըստ Փաշինյանի, 29 800 կիլոմետրը ներառում է Արծվաշենը։

«Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, թե նման հարց չկա, որովհետև Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, չեմ կարող ասել, թե ինքնիշխան տարածքի էս կտորի հետ գործ չունենք»,- ասաց Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ կան մի քանի տարբերակներ հարցի կարգավորման համար։

«Օրինակ՝ մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, իսկ Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ։ Բազմաթիվ հարցեր կան, պետք է էքսկլավի տարածքը սահմանագծել, երկրորդ՝ կա հարց, մենք Արծվաշենի հետ անմիջական սահման չունենք, ինչպե՞ս ենք մեր սահմանից մինչև Արծվաշենի սահման անցնելու։ Այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են լուծվել կամ այլ լուծում գտնել»,- հայտարարեց վարչապետը։ Ըստ նրա՝ մեկ այլ տարբերակ էլ այն է, որ այն էքսկլավը, որ պարփակված է ՀՀ տարածքով, սկսում է համարվել ՀՀ տարածք և հակառակը։

«Բանակցություններում այս թեման եղել է։ Վերջին անգամ երբ Տավուշի մարզ էի այցելել, ծրագրում նախատեսված չէր, բայց մտա Ոսկեպար գյուղ ու մեր սիրելի ոսկեպարցիներին ասացի, որ ես այդ թեման չեմ մոռացել։ Այս պահին առարկայական պայմանավորվածություն, փոխադարձ համաձայնություն չկա»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանել