Ալավերդիում «ապագա կա՞»․ մի անվստահության պատմություն

Շենքի դրմաց առնվազն հիսուն հոգի էին․ առաջին հարկում՝ տասը, երկրորդում՝ յոթ, իսկ երրորդում՝ առնվազն տասնհինգ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդիի քաղաքապետարանի շենքում ոստիկաններին հաշվելով բարձրանում էի նիստերի դահլիճ։ Ամենուրեք ոստիկաններ են․ ՔՊ-ական ավագանին պետք է քաղաքապետ ընտրեր։

Ոստիկանները վաղ առավոտյան ավագանու ՔՊ-ական ներկայացուցիչներին մտցրել էին նիստերի դահլիճ, ըստ ականատեսների՝ կոտրելով դահլիճի դուռը, ոստիկանական պատը պահպանում էր շենք տանող երկու մուտքերը, որ մարդիկ չմտնեն, ոստիկանները անառիկ սյուն էին ձևավորել նաև ավագանու նիստերի դահլիճի դիմաց։

Ահա այսպես, «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանում ավագանին մեկ տարուց ավելի ղեկավարած քաղաքապետին՝ «Ապրելու երկրից» Արկադի Թամազյանին, փոխարինեց նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանով։ Իսկ բոլոր նրանց, որոնք դժգոհում են Ղումաշյանի՝ կենսագրության կամ նախկինում չարաշահումների գործով անցնելու մասով, գոհ եղեք, որ քրեական անցյալ ունեցողին չեն կարգել համայնքապետ։

Քաղաքական բանտախցում

Ավագանու նիստերի դահլիճը քաղաքական բանտախուց էր հիշեցնում, ավագանու տասնչորս անդամն էլ՝ բանտարկյալ․ քանի դեռ պատիժը չեն կրել, այսինքն՝ քաղաքապետ չեն ընտրել, ազատություն չեն տեսնի։

Սկզբում լուռ նստել ու սպասում էին 10:00-ին, որ սկսեն նիստը։ ՔՊ-ին այս բանտախցից դուրս գալու համար մեկ ձայն էր պակասում, որն ունեին։ Դրա համար էին սկսել անվստահության գործընթացը։ Այդ ձայնը «Ապրելու երկիր» խմբակցությունը դեռ ամռանը լքած և ավագանու անկախ անդամ դարձած Սիմոն Զախարովինն էր։ Ճակատագրի հեգնանքով՝ որպես տարիքով ավագ հենց Զախարովն էլ պետք էր վարեր նիստը՝ փոխելով իր մեկ տարի առաջ կայացրած քվեարկությունը։

Նրա դիմաց սպասվելիք ելույթի ամբողջական սղագրությունն էր, որ հանկարծ նախապես գրված տեքստից չշեղվի։ Երբեմն, սակայն, նա շեղվում էր տեքստից, ապա ակնոցները ուղղում ու շարունակում կարդալ։

Ժամանակ առ ժամանակ դրսից լսվում էին «դավաճան-դավաճան» վանկարկումները։ ՔՊ-ն պատրաստել էր ոչ միայն նիստը վարողի տեքստը, այլ քվեարկության ողջ գործընթացը։ Հարակից սենյակից քվեախցիկը բերեցին, խնդրեցին լրագորղներին հեռու կանգնել, անկյունի սեղանին տեղադրեցին, խանգարում էր միայն տպիչը՝ հեռացրին, սկսեցին քվեարկել։ Ընթացքում քաղաքապետ Արկադի Թամազյանը մտավ, այստեղ մեկնարկեց հաջորդ արարը։

Քաոս

Փաշինյանական ժողովրդավարությունը, ցավոք, պարբերաբար ուղղորդվում է ծեծով ու քաշքշուկով։ Ազգային ժողովում, Երևանի ավագանիում, հիմա էլ՝ Ալավերդի քաղաքա(ոստիկանա)պետարանում։

Արկադի Թամազյանը, ներս մտնելով, հայտարարեց, որ ավագանին պարտավոր էր սպասել իրեն կամ տեղակալին, որից հետո միայն սկսեր նիստը, մտավ նաև «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որն ավելի ագրեսիվ էր տրամադրված։

Աղմուկ բարձրացավ, միջամտեց Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։

Ոստիկանները բնականաբար սկսեցին քաշքշելով հեռացնել ընդդիմադիրներին։

Կողքս ՔՊ-ական ավագանու նորընծա անդամն էր․ համընդհանուր աղմուկում նա չէր կողմնորոշվում՝ ինչպես արձագանքել, վերջը որոշեց՝ ճիշտը վիրավորելն է, պասիվ բղավում էր ու վիրավորում քաղաքապետին ու մյուսներին։ Ոստիկանները գնացին, նիստը շարունակվեց։

Վերջաբան

ՔՊ-ական ավագանին ի վերջո հասավ իր նպատակին․ Արկադի Թամազյանին հեռացրին։ Դրսում հավաքված քաղաքացիներից ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե մեկ տարի ղեկավարած քաղաքապետը, բացի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ լնելուց, ինչ էր արել, որ արժանացավ պաշտոնազրկման։

Մեկնաբանել